Կուտակային կենսաթոշակների» մասին վիճահարույց օրենքի սահմանադրականության հայցի քննության ընթացքում Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հարց ուղղեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, թե նվազագույն աշխատավարձ ստացողը ինքը պետք է վճարի պարտադիր կուտակայինի վճարները, թե գործատուն:
«Մարդը ստանում է 45 000 հազար դրամ` նվազագույն աշխատավարձ, որն ունի բովանդակություն»,- նշեց նա:
Արտեմ Ասատրյանը պատասխանեց, թե այսօր դեռևս երկրում առկա է աշխատող աղքատներ երևույթը, և Հայաստանում նվազագույն աշխատավարձը զերծ է հարկերից, բայց պարտադիր կուտակային վճարը հարկ չէ, դա ուշացած աշխատավարձ է:
Նախարարը նաև նշեց, որ նախատեսված է նվազագույն աշխատավարձի բարձրացում:
Գագիկ Հարությունյանն ընդհատեց նրան` ասելով, թե իր համար արդեն պարզ է, որ Կառավարությունն այսօր օրենսդրական այդ լուծումն արել է այնպես, որ պարտադիր կուտակայինի դեպքում պետք է վճարումներ անի նաև նվազագույն աշխատավարձ ստացողը։