Հասարակություն 

Մետաղական աղբով լի բեռնատարները կառավարության դիմաց են. Բողոքի ակցիա է ընթանում

analitik.am

Մետաղական աղբի վերամշակումով զբաղվող քաղաքացիները մետաղական աղբով բարձած մեքենաները այսօր՝ հունիսի 20-ին, կայանել են կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով թույլ տալ իրենց գործունեությունը շարունակել։ Այս մասին հայտնում է News.am-ը:

Բողոքի մասնակիցների խոսքով՝ իրենք մեկ տարի է, ինչ զբաղվում են այս գործով և մեծ գումարներ են ներդրել, իսկ այսօր իրենց արգելում են աշխատել։

«Մենք վարկ ենք վերցրել, որպեսզի այս գործը անենք։ Ամբողջ Հայաստանի տարածքից հավաքում ենք մետաղական ոչ ծանր թափոններ՝ մշակում ենք և արտահանում։ Մենք աղբից գումար ենք ստեղծում, բայց այսօր մեզ արգելում են»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Նրանց խոսքով, եկել են, որպեսզի անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացնեն իրենց պահանջը. «Վարչապետն ասում էր՝ մինչև այս աղբը չվերանա փողոցներից հեղափոխությունն ավարտված չէ, այնինչ այսօր մեզ խոչնդոտում են»,- նշել է ակցիայի մասնակիցը։

Կառավարության շենքի դիմաց կայանված են 8 բեռնատարներ՝ բարձված մետաղյա ջարդոններով։ Ակցիայի մասնկիցներից մեկն առաջարկեց մեքենաներով շարժվել դեպի ՊԵԿ-ի շենք, քանի որ նրանք են այդ առաջարկով հանդես եկել:

Նույն շարքից