Սիրիական բանակը զենիթահրթիռային համակարգեր է տեղակայել թուրք-սիրիական սահմանին, տեղեկացնում է gazeta.ru-ն` քուվեյթյան Al Rai-Alaam պարբերականին հղումով։
Պարբերականի տվյալներով՝ Սիրիան հրթիռները շրջել է դեպի Թուրքիա՝ Սիրիայի օդային տարածքը խախտող ինքնաթիռներն իջեցնելու համար։
Ավելի վաղ հաղորդվել է, որ «Ալ Կաիդա» խմբավորման հետ կապեր ունեցող ծայրահեղական խմբավորումները հարձակում են իրականացրել թուրք-սիրիական սահմանին գտնվող Քեսաբ ավանի ուղղությամբ։
Vesti.ru կայքն այսօր տեղեկություն է տարածել այն մասին, որ սիրիական զորքերն սկսել են ազատագրել Քեսաբ հայաբնակ ավանը, որը գտնվում է Լաթաքիա նավահանգստային քաղաքից 65 կմ հեռավորության վրա։
Հրետանային ուժերը կրակ են բացել զինյալների դիրքերի ուղղությամբ։
Երեկ սիրիացի զինծառայողները վերահսկողություն են սահմանել մերձակա բարձունքների վրա և մոտեցել են Նասր գագաթին, որի մոտից բացվում է դեպի գրավյալ շրջաններ տանող ճանապարհը։ Ոչնչացվել են հրթիռային սարքավորումներ։
Ինչպես տեղեկացնում է Սուրա ալ-Էն գործակալությունը, Քեսաբի ճակատում նախաձեռնությունն ամբողջությամբ կառավարության ուժերի ձեռքում է։ Ավան են ուղարկվել ռազմական այն ստորաբաժանումները, որոնք լեռնային տեղանքում մարտեր մղելու փորձ են ձեռք բերել Դամասկոսի հյուսիսում գտնվող Քալյամուն տեղանքի մարտերի ընթացքում։
Սիրիական լրատվամիջոցը նաև թուրք բժիշկների ներկայացրած տվյալներն է մեջբերում, համաձայն որոնց՝ վերջին երկու օրերի ընթացքում զոհվել է 2.695 ծայրահեղական, Թուրքիայի հիվանդանոցներ է տեղափոխվել 5.635 վիրավոր։