Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը Սահմանադրական դատարանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքի քննության ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարց ուղղեց, թե արդյոք կենսաթոշակը քաղաքացու իրավունքն է, ինչին նախարարը պատասխանեց` այո՛, եթե մարդը դիմում գրի և հրաժարվի թոշակ ստանալուց, դա իր իրավունքն է:
ՍԴ անդամն էլ իր հերթին ավելացրեց. «Բարի, իսկ նոր օրենքով ստացվում է այնպես, որ ես չեմ կարող հետաձգել իմ կենսաթոշակ ստանալու իրավունքը: Եթե դա իմ իրավունքն է, կարող եմ և չստանալ, բայց դու ինձ ասում ես` ախպեր, արի քառասուն տարի մուծի, քառասուն տարի հետո կարող ես հրաժարվել»:
Նախարարը նաև հայտարարեց, թե ներկայիս Կառավարությունն ունեցավ այդ քաջություն ներդնելու պարտադիր կուտակայինի ռեֆորմը: Ֆելիքս Թոխյանը քայլեր առաջարկեց, որոնք կարելի էր նախաձեռնել ռեֆորմն իրականացնելուց առաջ, որպեսզի հասարակական նման ընդվզում չառաջանար: Քայլերից մեկը՝ ռեֆորմը մեկ–երկու տարով հետաձգելն է, մյուսը` կուտակայինի տոկոսները սահմանել ըստ աշխատավարձի, իսկ երրորդն այն էր, որ մարդու ամբողջ կյանքի համար պարտադիրը չսահմանել, այլ 10-15 տարվա համար սահմանել:
Մինչ Արտեմ Ասատրյանը պատասխանում էր հարցերին, նրան ընդհատեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը` պահանջելով հստակ հնչեցնել թե հարցերը, թե պատասխանները:
«Մեր բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ առնվազն քսան, քսանհինգ տարով պետք է կատարել վճարումները, որպեսզի մենք կարողանանք կատարել այդ բարեփոխումները»,-ավելացրեց նախարարը: