Քաղաքական 

Ն. Զոհրաբյանը «Ֆեյքերի մասին» օրենքի մասին

«Ֆեյքերի մասին» օրենքի նախագծի թեմայով լսումների ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե ինքը համահեղինակ է և ընդգծեց, թե նախաձեռնությունը պատկանում է լրատվամիջոցներին:

«Ինձ դիմել են հարգված լրագրողներ, պրոֆեսիոնալ լրատվամիջոցներ, օրաթերթերի խմբագիրներ, ովքեր իրենց լրատվամիջոցներում չեն անցել պրոֆեսիոնալության սահմանը, նրանք տեսնում են նման անհրաժեշտություն՝ կարգավորելու այդ դաշտը: Կարծում եմ, անպայմանորեն այստեղ այդ դիրքորոշումը կհնչեցնեն»,- նկատեց նա:

ԲՀԿ պատգամավորը նշեց, թե դաշտը պետք է կարգավորվի, և ըստ նրա, դա ընդունում են բոլորը: «ԵԽԽՎ-ում քննարկվել է նմանօրինակ խնդիր ու պատգամավորներն ընդունեցին, որ իրենց երկրներում ևս պետք է քննարկվի այս խնդիրը: Սա այս երկխոսության սկիզբն է, ոչ թե ավարտը, մենք հավաքվել ենք ձեզ հետ միասին գտնելու օպտիմալ լուծում, և անմիտ է այս օրինագիծը դիտարկել խոսքի ազատության դեմ ուղղված քայլ»,- ասաց նա։

Մեդիա աջակցության կենտրոնի (նախկին Ինտերնյուս) գործադիր տնօրեն Նունե Սարգսյանն իր ելույթի ժամանակ հետաքրքրվեց, թե որ լրատվամիջոցներ են դիմել նախագծի համար։ Նրա հարցադրմանը պատասխան չեղավ։

ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը նշեց, որ ինքը իր դեմ լինելու կարծիքը չի փոխել, բայց նկատեց, որ մի դրական բան նախագիծն այդուհանդերձ ունի, որը պետք է ուղղակի ողջունել։ «Խորհրդարանական բոլոր ուժերը համակարծիք են, որ այս դաշտում փոփոխություններ պետք է կատարվեն»,- ասաց նա։

Մարգարիտ Եսայանը նշեց, որ ինքն այն կարծիքին է, որ համացանցը այն ոլորտն է, որ մեզ համար նոր է. «Կանոնակարգել այն անհնարին եմ համարում, խոսքի ազատության հետ մենք խնդիր ենք ունենալու»:

Մարգարիտ Եսայանը շեշտեց, որ այն պարագայում, երբ որևէ կեղծ տեղեկատվություն 12 ժամ պտտվում է համացանցում ու ապա հեռացվում է կայքից, ապա դա արդեն անիմաստ է: «Նշանակություն այլևս չունի դա, քանի որ այնքան է տարածվել, որ արդեն ավելորդ ու անիմաստ է դառնում դատական քաշքշուկը, որի մեջ պիտի մտնես, ավելորդ նյարդեր ես քայքայում, մահացու վտանգավոր է առողջության համար»,- ասաց նա:

Նույն շարքից