Լրագրողական կազմակերպությունները համարում են, որ պետք է «Ֆեյքերի մասին» անվանումն ստացած օրինագիծը ԱԺ-ում շրջանառությունից հանվի։ Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, այդ օրինագծի շուրջ լսումների ժամանակ նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը։
Նրա խոսքով՝ նախ տեխնոլոգիական առումով այն լուծումները, որոնք առաջարկում է օրինագիծը, անիմաստ է։ «Այն վտանգավոր է լրատվամիջոցների համար եւ խնդրահարույց է իրավաբանական առումով։ Այն սպասելիքները որ կան օրինագծից, այդ բոլոր խնդիրները գործող օրենսդրությամբ կարելի է լուծել։ Մասնավորապես դիմել խմբագրությանը, պահանջել, որ զրպարտչական մեկնաբանությունը հեռացվի, հակառակ դեպքում դիմել դատարան»,-ասաց նա ու հավելեց. «Օրինագծի հեղինակները մի կողմից են խնդրին նայում, թե ինչպես պայքարել վիրավորանքի ու զրպարտության մեջ, բայց շատ գործիչներ զրպարտանք են համարում այնպիսի տեղեկություններ, որոնք բոլորովին էլ վիրավորանք ու զրպարտություն չեն։ Այսինքն ստացվում է, որ մարդիկ, որոնք քննադատությունը սվիններով են ընդունում, միանգամից զանգելու են ու պահանջեն հեռացնել մեկնաբանությունները, ապա դիմելու են դատարան։ Լրատվամիջոցը ստիպված է լինելու առավոտից իրիկուն մեկնաբանություններին հետեւել ու հասկանալ, թե որքանով են մեկնաբանությունները զրպարտություն պարունակում, որքանով՝ ոչ»,- նշեց Մելիքյանը։
Աշոտ Մելիքյանը վստահություն հայտնեց, որ սրա հետեւանքով մեծանալու է գրաքննությունը։
Նշենք, որ խնդրահարույց օրինագիծը ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Թեւան Պողոսյանը, Էլինար Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Ստեփան Դեմիրճյանը, Էդմոն Մարուքյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Հեղինե Բիշարյանը: Նախագիծը հարուցել էր օգտատերերի եւ մամուլի փորձագետների բուռն դժգոհությունը, եւ խորհրդարանը այսօր լսումներ է գումարել: