Հասարակություն 

Ծրագրի հետաձգված գործողությունների համար անգամ գումարներ չեն տրամադրվել. Մարտիրոս Նալբանդյանը՝ Հաշվեքննիչ պալատի «սենսացիայի» մասին

ՀՀ հաշվեքննիչ պալատը ներկայացրել է 2018թ-ի տարեկան հաշվետվությունը բնապահպանության մասով, որտեղ մասնավորպես նշվում է, որ «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» դրամաշնորհային ծրագրով 2017 թ-ին 34 ծրագրից 21 ծրագիրը չի իրականացվել՝ 958 հազար եվրոյով, իսկ 2018թ-ին 28 ծրագրից՝ 19 ծրագիր չի իրակաանցվել՝ շուրջ 1,011, 000 եվրո գումարով:

«Տնային տնտեսությունների էներգետիկ ապահովության վերաբերյալ» անհատական ծրագրի շրջանակներում ընդգրկված տնային տնտեսությունների ընտրության վերաբերյալ չեն ներկայացվել հիմնավոր փաստաթղթեր:

«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի թիմի ղեկավարի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը Analitik.am-ի հետ զրույցում նշեց, որ ճիշտ և օբյեկտիվ կլինի խոսել կամ գրել նաև կատարված գործողությունների մասին, այլապես չկատարված գործողությունների վրա կենտրոնանալով և փորձելով ցույց տալ դրանք որպես սենսացիա, կարծում է, որ անօգուտ զբաղմունք է, քանի որ չկատարված գործողությունները դրանք իրականում տվյալ տարիների համար պլանավորված, սակայն օբյեկտիվ պատճառներով չիրականացված գործողություններն են, որոնք հետաձգվում են հաջորդ տարիներին իրականացնելու համար:

«Ծրագրի հետաձգված գործողությունների համար անգամ գումարներ չեն տրամադրվել և չեն էլ ստացվել ծրագրի դոնոր գերմանական KfW բանկից, քանի որ գումարները տրամադրվում են առանձին տրանշներով՝ քառամսյա պարբերությամբ՝ հիմք ընդունելով և համադրելով նախորդ 4 ամիսներին կատարված և հաջորդ 4 ամիսների համար պլանավորված գործողությունները»,-ասաց նա:

Ըստ Մարտիրոս Նալբանդյանի, Հաշվեքննիչ պալատի հաշվետվությունում ներկայացված թվային ցուցանիշներն ընդամենը պլանավորված ցուցանիշներ են, ոչ ավելի:

«Հաշվետվության մեջ հիշատակված չկատարված գործողությունները նշանակում են, որ համապատասխան չափով չեն ստացվել և չեն ծախսվել նաև այդ գործողությունների համար նախատեսված գումարները: Ասեմ նաև, որ ծրագրի գումարները շրջանառվում են պետական գանձապետական համակարգի միջոցով, այդ ցուցանիշները արտացոլվում են պետական բյուջեում, չկատարված գործողությունների և չծախսված գումարների մասին պարբերաբար հաշվետվություններն ու բացատրությունները ներկայացվել են ինչպես ՀՀ կառավարությանը, այնպես էլ ծրագրի դոնորին»,- ասաց նա:

Մարտիրոս Նալբանդյանը նաև շեշտեց, որ ծրագրի իրականացման գործադիր մարմինը Շրջակա միջավայրի նախարարությունն է:

Նա նաև նշեց, որ՝ համագործակցելով Շրջակա միջավայրի նախարարության հետ՝ հիմա էլ պատրաստ են լրագրողական շրջայց կազմակերպել Սյունիքի մարզ՝ ծրագրի ընթացքը և արդյունքները ներկայացնել լրագրողներին:

Գոհար Ստեփանյան

  • 98
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    100
    Shares

Նույն շարքից