«Ֆեյքերի մասին օրենքի» թեմայով հրավիրված ԱԺ լսումներին ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը կարծիք հայտնեց, թե լրատվական ոլորտը կարգավորելու որևէ կարիք չկա և օրինակ բերեց, թե «պատկերացրեք մի չինացի «քոմենթ» է գրում, որ Սարիբեկ Կիրակոսյան պատգամավորը գիժ է ու հարցրեց. «Հիմա ի՞նչ անենք, ընկնենք, գտնե՞նք էդ չինացուն»։
Ալեքսանդր Արզումանյանը նկատեց, թե այդուհանդերձ վստահ է՝ իր գործընկերներն առաջնորդվել են շատ բարի ցանկություններով՝ օրինագիծը մշակելիս:
«Սա Պանդորայի արկղի հետ խաղալու ինչ-որ առաջին քայլ է, որ հետագայում շատ վտանգավոր զարգացումների կարող է բերել, ընդհանրապես՝ պետք չէ կպնել այս ոլորտին, մանավանդ՝ համացանցին, որ ստիպում է ամբողջ միջազգային իրավունքի ողջ կոնցեպտը վերանայել: Դուք տեսնում եք՝ արդեն մտավոր սեփականության իրավունքի կոնցեպտն են վերանայվում, դու չես կարող ասել որն է պլագիատ, որը՝ ոչ, մարդիկ քննարկում են, աշխարհը վերանայում է, սպասենք, տեսնենք, միջազգային կոնվենցիաներ կլինեն, վստահ եմ, որ կկարգավորվի այս բանը»,- ասաց նա:
Պատգամավորը խոսեց IT ոլորտի փոփոխությունների մասին և նշեց, որ հաճախ դրանք ավելի արագ են ընթանում։ «Սպասեք տեսնենք, որ միջազգային կարգավորումներ կլինեն, վստահ եմ, որ կլինի։ Մինչև մենք քննարկենք նոր տեխնոլոգիա կգա»,- նշեց նա։
Ալեքսանդր Արզումանյանը հաշվի առնելով ՄՄ անդամակցումը՝ ասացվածք մեջբերեց. «Что русскому хорошо, то немцу смерть», ապա նշեց՝ թե օրինակները շատ են բերում, բայց դրանցից շատերն արդարացված չեն։
«Մենք օրինակներ ենք վերցնում, հա՞, ԱՄՆ-ում հազար ու մի բան կա, Յուտա նահանգում կետերի որսը արգելված է, բայց մարդիկ դեպի օվկիանոս ելք չունեն, կետ չեն կարող տեսնել, որ որսան: Փենսիլվանիա նահանգում այսօր էլ գործում է օրենքը, որ եկեղեցի առանց զենք չես կարող գնալ. դա ինքնապաշտպանության համար է եղել՝ հնդկացիների համար. այստեղ շատ օրինակներ կան, բայց հասկացե՛ք, որ շատ վտանգավոր տեղ եք, չի մարսվելու, այսինքն՝ մենք մտնում ենք մի ոլորտ, որ վերահսկելն անհնար է»,- ասաց նա։
Պատգամավորը օրինագծի հեղինակներին խորհուրդ տվեց Նյու Յորք Թայմս մտնել, որտեղ ցանկացած հոդվածի տակ կարող են հայերեն մեկնաբանություն գտնել և ըստ այդմ էլ մտածել ու հասկանալ, որ «սա էն գեղը չի, որ կար մի քանի տարի առաջ»։
«Սա գլոբալ աշխարհ է, որ առաջնորդվում է համամարդկային, համաշխարհային ինչ-որ բաներով: Հասկանում եմ, սաղիս էլ վիրավորել կարող են, մի կարդացեք «քոմենթ»»,- վերջում խորհուրդ տվեց նա: