Քաղաքական 

Գ. Ջհանգիրյանը՝ «ֆեյքերի» մասին օրինագծի մասին

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի կարծիքով՝ «ֆեյքերի» մասին օրինագծի շուրջ ստեղծված մտահոգությունների հիմնական մասը չի լինի, եթե իր առաջարկած փոփոխությունը կատարվի, այն է՝ քաղաքացին կարող է դիմել դատարան, եթե նախօրոք լրատվամիջոցից պահանջել է հեռացնել վիրավորական մեկնաբանությունը, և այն չի հեռացվել։

Նախագծի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ Գագիկ Ջհանգիրյանը հիշեցրեց, որ ըստ նախագծի՝ զրպարտության կամ վիրավորանքի դեպքում անձը էլեկտրոնային կայքից կարող է հրապարակային պահանջել այն հեռացնել:

«Կարող է, իրավունք ենք տալիս, միևնույն ժամանակ ավելացնում ենք, որ կարող է դիմել դատարան։ Այ, եթե մենք էս «կարող է»-ն դարձնենք պարտադիր, խոսքը անհայտ օգտատիրոջ կողմից կատարված գրառման մասին է, չէ՞: Մտահոգությունն ի՞նչն է, որ դատարանը կարող է որպես մահակ օգտագործել այս կամ այն լրատվամիջոցի կամ կայքի դեմ, լրացուցիչ մահակ, այ, եթե մենք խմբագրում ենք, որ քաղաքացին կարող է դիմել դատարան, եթե նախօրոք դիմել է լրատվամիջոցին, պահանջել հեռացնել, և եթե նա չի հեռացրել, պատասխանատվությունը կրում է լրատվամիջոցը։ Էդ դեպքում խնդիր չկա, թող դիմի դատարան, լրատվամիջոցից էլ ստանա պահանջածը»,- ասաց նա և ավելացրեց, որ արդեն իսկ իր առաջարկը ներկայացրել է օրինագծի հեղինակ Արփինե Հովհաննիսյանին:

Պատգամավորի համոզմամբ՝ 21-րդ դարում վիրավորել և զրպարտել չի կարելի:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքով՝ իրենք առաջարկում են հստակ խաղի կանոններ։

«Օրենքի նախագծի կիրառմամբ, որով կարգավորվում են լրատվական նյութի տակ տեղ գտած մեկնաբանությունները, որոնք վիրավորական, զրպարտչական բնույթի են և անհայտ աղբյուրի հետ կապված որոշակի անհարթությունները, մենք առաջարկում ենք հստակ խաղի կանոններ, որոնք բոլորի համար պարզ կլինեն: Դատարան չգնալու հանգամանքն է այստեղ, քարշ չտալ ԶԼՄ-ին դատական վեճի, էներգիա, ծախսեր խնայել, այդ ամենից զերծ մնալ»,-նկատեց նա:

Պատգամավորն ընդգծեց, որ նախքան այս լսումների հրավիրելը իրենք հանդիպել են մեդիա փորձագետների հետ, այժմ էլ վերջիններիս հորդորում է առաջարկներ ներկայացնել:

«Առաջարկել եմ, եթե քննադատում ենք, խնդիր չկա, գրեք այլ նախագիծ ու ներկայացրեք լուծումները, լուծումները տվեք, ոչ թե ասեք՝ պետք չի ոչ մի բան ասել»,-նշեց նա։ 

Նույն շարքից