Քաղաքական 

Մեդիափորձագետը «ֆեյքերի» օրինագծի մասին

«Ֆեյքերի» մասին օրինագծի թեմայով հրավիրված լսումների ժամանակ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նկատեց, որ օրինագիծը ոլորտին շատ նեղ սահմանումներ է տալիս։

«Այս օրինագիծն այնքան է նեղացնում ինչ-որ սահմանումներ, որ կարող է ապագայում խնդիրներ առաջացնել, որովհետև կան հարցեր, որոնք պարզ չէ, թե ինչպես են լուծվելու։ Մենք չունենք դատական լուրջ փորձ այս ոլորտում ու միանգամից փորձում ենք մտնել օրինական դաշտ»,- նշեց Սամվել Մարտիրոսյանը:

Ըստ փորձագետի՝ օրենքում նույնիսկ հստակ չի էլ մեկնաբանվում, թե որն է համարվում լրատվամիջոց։ Նրա խոսքով՝ այդ սահմանման տակ կարելի է հասկանալ Odnoklassniki.ru-ում, Facebook.com-ում պրոֆիլը, թեկուզ կեղծ, եթե այն հրապարակային է:

«Եթե նույնիսկ ընկերների համար միայն լինի, պրոբլեմի առաջ եք կանգնում, որովհետև ես կարող եմ գրել միայն ընկերներիս համար, ընկերներիցս մեկը կիսվի ու դա դառնա հրապարակային: Ավելին, եթե ես dropbox-ում ֆայլ եմ դնում բոլորի համար, դա դառնում է լրատվամիջոց»,- նշեց նա և ապա ավելացրեց, որ օրենքը ռիսկային է սոցիալական ցանցերում ակտիվ օգտատերերի համար:

«Հիմա մի օգտատեր մեկի մասին վատ բան է գրում, ես էլ դա կիսվում եմ ու դառնում է լրատվամիջոց, պատասխանատու դա տարածելու համար»,- նշեց նա:

Սամվել Մարտիրոսյանը շարունակեց՝ դիմելով օրինագծի հեղինակներին, թե արդյոք youtube-ում վիդեոյի տակ տեղադրված մեկնաբանությունը համարվում լրատվամիջոցում տեղադրված մեկնաբանություն, որի պատասխանը, ըստ նրա, օրինագիծը չի տալիս:

Նա նաև նշեց, թե դժվար կլինի ապացուցել՝ ծանուցում ստացե՞լ է մարդը, թե՞ ոչ:

Վերջում նա առաջարկեց օրինագիծը դարձնել նախադեպ՝ ստեղծելու համացանցին առնչվող խնդիրները քննարկելու հարթակ: 

Նույն շարքից