Սահմանադրական դատարանում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթների սահմանադրականության հարցի վերաբերյալ քննության ընթացքում պատասխանող կողմը որևէ հակափաստարկ չի հնչեցրել: Այդ մասին քիչ առաջ իր եզրափակիչ ելույթում հայտարարեց դիմող կողմի ներկայացուցիչ, ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Որևէ հակափաստարկ չհնչեց, որևէ փաստարկ, որը կառարկեր մեր կողմից ներկայացված իրավունքների խախտման մասով, չի ներկայացվել», -հայտարարեց Մինասյանը` ընդգծելով, որ դիմումում նշված իրենց պնդումները ուժի մեջ են և որ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական է:
Մինասյանի խոսքով, «մանիպուլյացիաներ» են պատասխանող կողմի այն պնդումները, թե մեր քաղաքացիները կենսաթոշակային տարիքում բարեկեցիկ կյանք են ունենալու: ԱԺ պատգամավորը անդրադարձավ նաև պատասխանող կողմի այն հայտարարություններին, թե իրենց առաջարկած համակարգը քաղաքական համակարգից զերծ է:
«Կեղծ փաստարկ է դա. այսինքն հաջորդ ընտրություններում եթե գա այլ ուժ, չի՞ կարող փոխել այս համակարգը, իհարկե, կարող է: Դրա համար պետք է համակարգի ներդրման հարցը պետք էր դնել հանրաքվեի: Այդ համակարգը վերաբերում է ապագա բոլոր սերունդներին», -հայտարարեց Մինասյանը` նշելով, որ իրենց պահանջն է հակասահմանադրական ճանաչել պարտադիր բաղադրիչը և խնդրելով ՍԴ-ին «մեր ընդվզող հասարակությանը բարի լուր տալ»:
Նկատենք, որ կողմերի եզրափակիչ ելույթներից հետո Սահմանադրական դատարանը կանցնի խորհրդակցական սենյակ և, հավանաբար վաղը, ապրիլի 1-ին այս գործով որոշում կհրապարակի: