Իրավաբան, Սահմանադրական դատարանում պարտադիր կուտակայինի հարցի քննության գործով դիմող կողմի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հանդես եկավ եզրափակիչ ելույթով` նշելով, որ կուտակային համակարգի ներդրումն արկածային էքսպերիմենտ է:
«Օրենքում ներկայացված նման ընդարձակ հայեցողությունն իր մեջ կրում է կոռուպցիոն մեծ ռիսկ: Կուտակային համակարգի ներդրումը մեր գնահատմամբ արկածային էքսպերիմենտ է»,- ասաց նա:
Վերջինս անդրադարձավ նաև օրենքում գույքի վրա արգելք դնելու պայմանին` ընդգծելով, որ այդ մասին նույնպես պատասխանող կողմից պարզաբանում չներկայացվեց: Եվ այդ կետը, ինչպես օրենքում նշված մի շարք այլ կետեր, հակասում են ՀՀ Սահմանադրությանը։
«Անարդարությանը, արհամարհանքին, ճնշմանը դիմադրելը մեր ժողովրդի իրավունքն է: Եվ Սահմանադրական դատարանում ընթացող այս պրոցեսը դիմադրության ամենաքաղաքակիրթ միջոցն է»,- ասաց Արտակ Զեյնալյանը։
Փաստաբանն ավելացրեց, որ իրենց կողմից իրականացվողը կառուցողական գործընթաց է. «Սա թշնամական ակցիա չէ որևէ անձի նկատմամբ, սա արվում է հանուն ընդհանուր բարեկեցության»:
Իրավաբանի ներկայացմամբ` այն, ինչ ինքն ասաց, բխում է ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածից: