Տեսանյութեր Հասարակություն 

Ես ապրում եմ Երևանի ամենա ամենա ամենա ամենակենտրոնում. Նաիրա Զոհրաբյան /տեսանյութ/

Այսօր՝ հունիսի 21-ին, խորհրդարանում, խոսելով համատիրությունների մասին, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց քննարկել այդ մարմինների գործող ֆորմատով աշխատելու հարցը. «Ես պարտաճանաչ հարկատու եմ տարին դեռ չսկսած ամբողջ տարվա համար վճարում եմ, բայց ես չեմ ստանում ծառայությունը, որի համար վճարում եմ: Ես ապրում եմ Երևանի ամենա ամենա ամենա ամենակենտրոնում՝ Աբովյան փողոցում՝ Փարիզյան սուրճ սրճարանի դիմաց: Եվ այդ ամենակենտրոնում համատիրությունը չի կատարում իր պարտականությունները: Միգուցե կան բացառիկ համատիրություններ, որոնք մեզանից հավաքած գումարները չեն ծառայեցնում միայն իրենց աշխատավարձերին, բայց քաղաքի ամենա ամենա ամենա ամենակենտրում համատիրությունն իր ամենակարևոր գործառույթներից որևէ մեկը չի կատարում»:

Զոհրաբյանի խոսքերով, համատիրությունների կոնցեպտը պետք է փոխել. «Ես հասկանում եմ, որ համատիրությունները կարող են սրբազան պատերազմ հայտարարել իմ դեմ, բայց մենք ուզում ենք, որ մեր պարտաճանաչ վճարած հարկերի դիմաց ստանալ առնվազն միջինացված կարգի ծառայություն, ինչը չենք ստանում»:

ԲՀԿ-ական պատգամավորը դեմ է համատիրությունների ցեղասպանությանը, ուղղակի առաջարկում է ամբողջ համակարգային կոնցեպտը փոխել. «Աշխարհում տարբեր մոդելներ կան շենքերի կառավարման համար: Ես պատրաստ եմ պատրաստել օրենքի նախագիծ և միասին քննարկենք, որպեսզի համատիրությունները չբնաջնջվեն, բայց մենք էլ չտուժենք որպես պարտաճանաչ հարկատուներ»:

Խոսքի ընթացքում Զոհրաբյանը նաև նկատեց, որ իր հետ համաձայն է Իմ քայլի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Նույն շարքից