Չորս ոչ իշխանական ուժերի հանդիպումների ժամանակ խոսվել է մինչեւ ապրիլի 28-ը հնարավոր միջացառումների կազմակերպման մասին, իսկ թե ապրիլի 28-ից հետո հնարավոր սցենարների դեպքում ի՞նչ համարժեք քայլեր կձեռնարկվեն, քառյակում չի քննարկվել: Այս մասին,Yerkir.am-ին հայտնել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԱԺ ավանդական ճեպազրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը մի շարք ուշագրավ հայտարարություններ էր արել, մասնավորապես, որ «եթե քաղաքական մեծամասնությունը չգնա փոփոխությունների, ապա ոչ իշխանական չորս ուժերի հաջորդ քայլերը կլինեն ռադիկալ, այսինքն` կազմակերպվելու եւ իրականացվելու են տասնյակ հազարավոր մարդկանց հանրահավաքներ Երեւանի փողոցներում ու հրապարակներում»:
«Մենք շատ լավ գիտենք քայլերի հաջորդականությունը ապրիլի 28-ից հետո, ահա` ինչու իշխանությունները պետք է ճիշտ հետեւություններ անեն, որ խուսափեն բարիկադներից, ցնցումներից եւ անիմաստ թշնամանքից»,- ասել էր պատգամավորը: