ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 21-ին հրամանագիր ստորագրեց՝ արգելելով Ռուսաստանից Վրաստան ավիափոխադրումները: Որոշումն ուժի մեջ է մտնելու հուլիսի 8-ից:
Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն արդեն հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, թե որ դեպքում ռուսական իշխանությունները կկայացնեն հակառակ որոշումը: Դա տեղի կունենա մասնավորապես այն ժամանակ, երբ Մոսկվան իր քաղաքացիների համար վտանգ չտեսնի Վրաստանում:
Պեսկովը նշել է, որ Վրաստանում իրավիճակը պետք է կարգավորվի, պետք է չեզոքանա ցանկացած վտանգ, որը կա ՌԴ քաղաքացիների համար:
ՌԴ նախագահի որոշման մեջ նաև նշվում է, որ ռուսական իշխանությունները պետք է առանց վարանելու միջոցներ ձեռնարկեն Վրաստանում ժամանակավորապես գտնվող իրենց քաղաքացիների՝ հայրենիք անվտանգ վերադարձի համար: