Հունիսի 21-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանեց, որ ուրբաթ առավոտյան ամերիկյան հարված է պլանավորված եղել Իրանին՝ միանգամից երեք օբյեկտների, սակայն հարվածը հասցնելուց 10 րոպե առաջ որոշումը չեղյալ է համարվել: Հայտնվում էր, որ Թրամփը որոշումը չեղյալ է համարել՝ լսելով գեներալներից մեկին, ով ասել էր, որ դրա արդյունքում հնարավոր է 150 մարդ զոհվի: Պարզվում է, որ ԱՄՆ նախագահն իր որոշումը չեղյալ է համարել՝ լսելով Fox News-ի հեռուստահաղորդավար Տակեր Կառլոսնին, փոխանցում է The New York Times-ը:
Պարբերականը պնդում է, թե լրագրողը համոզել է Թրամփին, որ ադմինիստրացիայի մարդիկ, ովքեր ասում են՝ պետք է հարվածել Իրանին, չեն գործում ելնելով ԱՄՆ շահերից: Եթե ԱՄՆ-ը պատերազմ սկսի Իրանի հետ, Թրամփը կարող է հույս չունենալ, որ երկրորդ անգամ նախագահ կընտրվի:
NYT-ը գրում է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը, չնայած Իրանի նկատմամբ ունեցած մարտական տրամադրվածությանը, շարունակում է հրաժարվել մարտական գործողություններից, քանի որ համոզված է՝ ԱՄՆ-ը մինչև հիմա չափից շատ մարդկային կյանք և նյութական ռեսուրս է ծախսել մերձավորարևելյան պատերազմների վրա: