ՆԱՏՕ-ի երկրները ապրիլի 1-ին կորոշեն Ռուսաստանի նկատմամբ հավելյալ պատժամիջոցների հարցը: Այս մասին հայտնում է ՈՒՆՆ-ը` վկայակոչելով Լեհական ռադիոն:
ՆԱՏՕ-ի խորհրդակցությունը տեղի է ունենալու Բրյուսելում եւ տեւելու է երկու օր: Լեհաստանը ներկայացնելու է արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին:
Ավելի վաղ` Ռուսաստանի կազմում Ղրիմի ընդգրկվելուց հետո ՆԱՏՕ-ն սառեցրել էր համագործակցությունը Մոսկվայի հետ, սակայն Սիրիայում քիմիական զենքը ոչնչացնելու վերաբերյալ ընդհանուր առաքելությունը չէին սառեցրել: Դադարեցվել էին նաեւ մի շարք դիվանագիտական շփումներ:
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հայտնել են, որ ապրիլի 1-ին ՆԱՏՕ-ի երկրների նախարարները հերթական անգամ աջակցություն կհայտնեն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը եւ կքննարկեն, թե ինչպիսին են լինելու Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները: Հանդիպում տեղի կունենա նաեւ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Դեշիցայի հետ:
Նշվում է, որ նախարարները ցանկանում են էլ ավելի սահմանափակել համագործակցությունը Մոսկվայի հետ, սակայն հայտնի չէ` ինչպես: Դիվանագետների մեծամասնությունը կարծում է, որ չպետք է ամբողջությամբ խզել հարաբերությունները Դաշինքի եւ Կրեմլի միջեւ:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի դիվանգետները բազմիցս ընդգծել են, որ չեն դիտարկում Ուկրաինայի կամ Ռուսաստանի տարածքում ռազմական գործողության հնարավորությունը: