Ապրիլի 28-ից 30-ը Ազատության հրապարակում ոչ իշխանական 4 ուժերը կազմակերպելու են շուրջօրյա հանրահավաք, այսօր ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների համատեղ դռնփակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ներկայացնելով ձեռք բերված պայմանավորվածությունը։
Արմեն Ռուստամյանը նշեց, թե քանի որ ապրիլի 28-ին Կառավարության անվստահության հարցն են բարձրացնելու, բնականաբար նախագծով հանդես կգան, բացի այդ նաև կլինեն հրապարակային միջոցառումներ։ Ըստ նրա, շուրջօրյա միջոցառումները պայմանավորված են նրանով, որ անվստահության հարցը, որ բարձրացնում են, պետք է քվեարկության դրվի չորեքշաբթի օրը՝ ապրիլի 30-ին՝ Սահմանադրության պահանջի համապատասխան։
«Այդ օրը կկազմակերպենք հանրահավաքներ ի պաշտպանություն այս նախաձեռնության։ Մարզերում և Հանրապետությունով մենք նախատեսում ենք իրազեկման միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն հանրության լայն շերտերին տեղեկացնելու գործընթացի բովանդակությունը»,-ասաց նա և ավելացրեց, որ երկու հանձնախումբ է ստեղծվել և սկզբունքային համաձայնություն ձեռք է բերվել։
Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն բարիկադներին ու ցնցումներին թերահավատորեն է վերաբերում, Արմեն Ռուստամյանը նշեց, թե 4 ուժերի բոլոր հարցերը կապված են մինչև 28-ի գործողությունները։ «Դրանից հետո մենք դեռ որևէ համաձայնություն չունենք։ Ըստ ստեղծված իրավիճակի՝ մենք հետևություն կանենք ու դրա հիման վրա կորոշենք անելիքները»,-ասաց նա։
Իսկ թե ինչպես է ստացվում, որ համաձայնեցվում են, ապա առանձին հրապարակներ ձևավորում ու քննադատում այն, ինչ համաձայնեցրել են, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում է, ՀՅԴ խմբակցության ղեկավարը պատասխանեց, թե բոլոր ուժերը ազատ են իրենց տեսակետները հայտնել։ «Մենք խոսում ենք այն խնդիրների վերաբերյալ, որոնք համաձայնեցված են»,-ասաց նա և ավելացրեց, թե Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքները համաձայնեցված հանրահավաքներին չի խանգարում»։
«Չորսի ձևաչափում համաձայնեցված են, և դրանից դուրս՝ ազատ են իրականացնել իրենց միջոցառումները, այլ կուսակցությունները կաշկանդված չեն քառյակի գործընթացներից, բայց բնականաբար մասնակցում են նրան, ինչին համաձայնել են մասնակցել»,-եզրափակեց նա։