Հասարակություն Բարի օր 

Հավանաբար, ինչ-որ մեկին ինչ-որ մի բան պետք է․ Արսեն Ամյանն՝ իր մասին տարածված սուտ տեղեկությունների մասին

ԶԼՄ-ներից մեկում կար տեղեկություն այն մասին, որ քաղաքացին ահազանգել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը, որը 13 տարի ղեկավարում է նշված վարչությունը և այս տարիների ընթացքում միլիոններ է դիզել մոր անունով, իր աշխատողներին հրավիրում է իր մոտ և ստիպում սեփական միջոցների հաշվին հայտնաբերել համայնքային գույքերը։

Ըստ քաղաքացու՝ այդ գույքերը տարիներ շարունակ այլ անձանց են տրամադրվել հենց Ամյանի իմացությամբ, իսկ այժմ այն աշխատակիցներին, որոնք հրաժարվում են Արսեն Ամյանի հրահանգը կատարել, ասում է, որ պետք է դիմում գրեն և հեռանան, քանի որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից է իջեցվել նման հանձնարարական:

Analitik.am-ի հետ զրույցում Արսեն Ամյանը նախ ասաց, որ չգիտի, թե ինչ գույքի մասին է խոսքը, որտեղից են վերցնում նման ինֆորմացիան ու հրապարակում. «Այն, ինչ ես միշտ կատարել եմ, շարունակում եմ անել նաև այսօր: Ես որևէ մարդու չեմ ուղարկում որևէ գույք գտնելու: Հավանաբար, ինչ-որ մեկին ինչ-որ մի բան պետք է: Ես չեմ էլ հասկանում, թե ինչու են նման ինֆորմացիա տարածում: Մենք ընդամենը ծանուցումներ ենք ուղարկում քաղաքապետարանի հետ պայմանագրեր կնքած վարձակալներին, որ իրենց պայմանագրային պարտավորությունները կատարեն: Այլ որևէ բան չենք անում: Դա մեր ամենօրյա աշխատանքն է: Մենք ինչ-որ գույք փնտրելու գործառույթ չունենք»:

Հարցին, թե ինչպիսին են հարաբերությունները Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, Ամյանն ասաց, որ շատ լավ են, ջերմ ու նորմալ. «Ես երկար տարիներ աշխատում եմ քաղաքապետարանում, սկսել եմ հասարակ աշխատող լինելուց: Մինչև այսօր որևէ ձևով ուշադրության կենտրոնում չեմ եղել, բացասական պատմությունների մեջ չեմ եղել: Քաղաքապետ Մարությանի գալուց հետո մենք ծանոթացել ենք, աշխատել ենք, նա իմ աշխատանքը գնահատել է, առաջարկել է ինձ մնալ, ես էլ ընդունել եմ: Ես աշխատող մարդ եմ: Ինձ բոլորն այդպես գիտեն: Ինտրիգների, շահերի բախումների մեջ երբեք չեմ եղել, չեմ էլ պատրաստվում լինել»:

Հարցին, թե ինչ կասի միլիոնների մասին, որոնք ինքն իբր կուտակել է մոր անունով, Ամյանը նշեց, որ նման բան չկա. «Մենք հասարակ կարողությունների տեր մարդիկ ենք: Ամբողջ կյանքում աշխատել ենք: Նորմալ ապրում ենք, ֆինանսապես աչքի չենք ընկել: Մայրս ու հայրս «Մերգելյան» ինստիտուտում ինժեներ են եղել: Նորմալ մարդիկ ենք, չափված ու ձևված: Թե ինչու են նման բան գրել, չգիտեմ: Բարդ չէ ստուգել, թե ինչ ունենք, ցանկացողները կարող են ստուգել: Աղքատ չենք, բայց հարուստ էլ չենք»:

Նույն շարքից