ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը Facebook-յան գրառում է կատարել երեկ Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդարանի շենքում տեղի ունեցած Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստի մասին: Իր ելույթում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին անդրադառնալով՝ նա առաջարկել է հարցին անդրադառնալ աշնանը տեղի ունենալիք բյուրոյի նիստում, երբ ձևավորված կլինեն Եվրախորհրդարանը ներկայացնող նորընտիր պատվիրակություններն ու բյուրոյի անդամները:
Ներկայացնում ենք այն ամբողջությամբ. «Աշխատանքային տարբեր հարցերի շարքում, օրակարգում տեղ էր գտել Եվրոնեսթի վեհաժողովի արտահերթ նիստ հրավիրելու ուկրաինական պատվիրակության առաջարկը: Առաջարկվում էր հատուկ նիստ հրավիրել ՝ նվիրված Ուկրաինայում ստեղծված իրավիճակին:
Իմ ելույթում անդրադառնալով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նշեցի, որ Հայաստանի պատվիրակության համար խնդիրն ունի բազմաթիվ նրբերանգներ: Մի կողմից շարունակ փորձեր են արվում քննադատել ՌԴ-ին, որը Հայաստանի բարեկամ և ռազմավարական դաշնակից երկիր է, և մյուս կողմից էլ Ուկրաինան եղել և մնում է մեր բարեկամ ու գործընկեր երկիրը Արևելյան գործընկերությունում: Բացի այդ, բոլոր երկրները շատ լավ են պատկերացնում, որ ինքնորոշման իրավունքի իրացումը մեր պետության ու տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության համար կենսական սկզբունք է: Հույս հայտնեցի, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունների բարեհաջող ավարտից հետո, Ուկրաինայի և ՌԴ-ի միջև հնարավոր կլինի գտնել իրավիճակի հանգուցալուծման համար երկուստեք ընդունելի լուծում: Ինչպես նաև ի նկատի ունենալով, որ շուտով Եվրախորհրդարանի ընտրություններ են, ուստի նպատակահարմար չի լինի հրավիրել արտահերթ նիստ առաջիկայում: Առաջարկեցի հարցին անդրադառնալ աշնանը տեղի ունենալիք բյուրոյի նիստում, երբ ձևավորված կլինեն Եվրախորհրդարանը ներկայացնող նորընտիր պատվիրակություններն ու բյուրոյի անդամները:
Առաջարկս հավանության արժանացավ և ընդունվեց բյուրոյի նիստին ներկա անդամների մեծամասնության կողմից»: