ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը չի հաստատում Ուկրաինայի սահմաններից ռուսական զորքերի հեռացումը եւ Մոսկվային կոչ է անում իրավիճակի դեէսկալացիա սկսել: Այս մասին Ռասմուսենը հայտարարել է Բրյուսելում դաշինքի արտգործնախարարների հանդիպումից առաջ:
«Ես չեմ կարող հաստատել, որ Ռուսաստանը դուրս է բերում իր զորքերը: Ռազմական ուժի ավելացումը ոչ մի լավատեսություն չի ներշնչում իրավիճակի լարվածությունը թոթափելու հարցում, որը մենք բոլորս ցանկանում ենք», - ասել է Ռասմուսենը:
Միաժամանակ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանին նորից կոչ է արել դուրս բերել զորքերը, կատարել միջազգային պարտավորությունները եւ Ուկրաինայի հետ կառուցողական երկխոսություն սկսել, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
Նշենք, որ մարտի 31-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաստատել էր, որ ռուս զինվորականների եւ տեխնիկայի ծավալը Ուկրաինայի սահմանների մոտ նվազել է: