Քաղաքական 

ԵԱՀԿ-ն զեկույց է հրապարակել

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) համար տարածաշրջանում ամենաբարդ խնդիրներից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է. ասված է ԵԱՀԿ-ի 2013թ.-ի տարեկան զեկույցում, որը հրապարակվել է այսօր։

Զեկույցում նշվում է, որ չնայած ավելի քան 20 տարի է անցել, հակամարտության քաղաքական, բազմակողմ և կայուն լուծում այդպես էլ չի գտնվել։

«Կազմակերպության նախագահությունն աջակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը խթանելու համար»,- ասված է զեկույցում։

Փաստաթղթում նշվում է, որ չնայած 1994թ.-ին հաստատված հրադադարին, այն գրեթե ամեն օր խախտվում է։

2013թ.-ի ընթացքում դրա հետևանքով սպանվել է 14 զինծառայող, վիրավորվել՝ 5 քաղաքացիական անձ և 32 զինծառայող։

Այդ ընթացքում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկն ու նրա խումբը 16 անգամ եղել են հակամարտ զորքերի շփման գծում, 9 անգամ՝ հայ-ադրբեջանական սահմանին։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ)։

Նույն շարքից