Հայաստան 

Շարմազանովը Փաշինյանին մեղադրեց քաղաքական ջրիկության կամ անմեղսունակության մեջ

analitik.am

Նիկոլ Փաշինյանը մարտի սկզբին Իրանում խայտառակ, անհեթեթ հայտարարություն արեց: Նա պետական գործչին, երկրի ղեկավարին ոչ բնորոշ հայտարարություն արեց օտարերկրյա գործակալների մասին: Նույն օրը ես Փաշինյանից ու ուժայիններից պահանջեցի անուններ ներկայացնել ու համապատասխան քայլեր ձեռնարկել: Եթե մեր երկրում օտարերկյա գործակալներ են վխտում, ինչպես ասում է Փաշինյանը, ու պետության ղեկավարը որևէ քայլ չի ձեռնարկում, դա կամ քաղաքական անմեղսունակություն է, կամ քաղաքական ջրիկություն: Այսօր՝ հունիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:

Ինչ վերաբերում է դավադիր ուժերի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, Շարմազանովն այն ևս անհեթեթ անվանեց. «Ասել ու ասում եմ՝ Փաշինյանի այս հայտարարությունը հակապետական հայտարարություն է: Մեր դիվանագիտությունը վերջին 25-30 տարվա ընթացքում բոլոր միջազգային ատյաններում՝ անկախ կուսակցական պատկանելությունից փաստերով ներկայացրել է, որ տարածաշրջանի անվտանգության սպառնալիքը Թուրքիան ու Ալիևն են, ինչի վառ ապացույցն ապրիլյանն է: Իսկ Փաշինյանն ասում է, որ Հայաստանում ու Արցախում կան ուժեր, որանք կարող են պատերազմ սկսել: Սա քարտ բլանշ է, կանաչ լույս է Ադրբեջանին ռազմական գործողությունները սկսելու և դրանք սկսելու մեղավորությունը Հայաստանի վրա դնելուն»:

ԱԺ նախկին փոխխոսնակը խոսեց նաև ադրբեջանա-թուրքական երկու մեծ զորավարժությունների մասին. «Մենք ի՞նչ ենք արել: Մեր իշխանությունը հասարակությանը բաժանել է սևերի ու սպիտակների, հակահեղափոխականների և հեղափոխականների: Երբ Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ են անում, մեր իշխանությունները Քաղաքացու օր են նշում, Պրոսպեկտում խորոված ու քյաբաբ ուտում: Ով էլ չի ուզում ուտի, ասում են, որ գնան խաշ ուտեն: Սա խայտառակություն է»:

Նույն շարքից