Մայիսի 9-ին Փաշինյանը մեկնում է Արցախ համազգային տոնին մասնակցելու համար, տեսնում է՝ Արցախի հերոս Սերժ Սարգսյանն այնտեղ է, միանգամից վերադառնում է ու առանց սպասելու, որ մի օր անցնի, միանգամից գրառում է անում՝ Արցախում հակահեղափոխականները գլուխ են բարձրացրել: Դե կներես, որ քեզ չէին հարցրել, թե երբ գնան Արցախ: Ընկեր ջան, այդ մարդիկ Արցախի հերոսներ են: Ինչքան էլ խմբագրես պատմությունը, բաներ կան, որ չես կարող խմբագրել: Արցախում Սերժ Սարգսյանի՝ որպես Արցախի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի, գլխավորությամբ մեր ուժերը հաղթանակ են տոնել, հաղթանակով են ավարտել Արցախյան առաջին և երկրորդ պատերազմները: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր՝ հունիսի 24-ին, հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ Նախկին փոխխոսնակի խոսքերով, ամենավտանգավորն այն է, որ Փաշինյանը չի կարողանում իր անձնական խնդիրները տարբերակել պետական խնդիրներից. «Վազգեն Սարգսյանն ասում էր, որ մենք պարտավոր չենք իրար սիրել, բայց պարտավոր ենք հանդուրժել ու հարգել իրար: Փաշինյանին ասեք, թող պարապ ժամանակ խորոված ուտելու փոխարեն Վազգեն Սարգսյանին, մեր մեծերին կարդա, ովքեր միասնություն են քարոզում»:
Շարմազանովի կարծիքով Փաշինյանին նյարդայնացրել է այն, որ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը եկան դատարան ու անձնական երաշխավորություն ներկայացրեցին Ռոբերտ Քոչարյանի համար. «Մարդը նյարդայնացավ ու հայտարարեց՝ Արցախի իշխանությունները, պարի ընկերը: Լավ սա քուչի բազա՞ր է: Ավելի լավ է պարի ընկեր լինեն, քան՝ լիֆտի ընկեր, ընկեր: Բա քո լիֆտի ընկերոջից ի՞նչ կա, որ կիրթ էիր անվանում»: