Հայաստան Քաղաքականություն 

Բերանները ջուր առած ինչո՞ւ էին լռվել Նիկոլի գլխավորությամբ. Շարմազանով

analitik.am

Այս հարցում էլ իշխանության աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում: Փոխարտգործանախարարը նախ հայտարարեց, որ որևէ խնդիր չի տեսնում: Սակայն դրանից հետո ԱԺ նախագահը հայտարարում է, որ ինքը չի ողջունում, դրանից հետո էլ Ռուբինյանը հայտարարում է, որ ԱԳ նախարարն իրեն հայտնել է, թե դեսպանը հրավիրվել է ԱԳՆ բացատրություն տալու համար: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Հայաստանում ՌԴ դեսպանի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպման մասին:

Շարմազանովի խոսքերով, այդ երկու հայտարությունների միջև կա խորը անդունդ. «Նիկոլ Փաշինյանի քաղաքական գծին համապատասխան այստեղ ևս ուղղություն է փոխվում: ԱԺ նախագահը չի ողջունում հանդիպումն ու ասում է, որ սա ներքին գործերի միջամտություն է: Որ Բոլթոնը եկավ Հայաստան ու ալամ աշխարհի աչքի առաջ հայտարարեց, որ հայ ժողովուրդը պետք է հրաժարվի իր պատմական կաղապարներից, բերանները ջուր առած ինչո՞ւ էին լռվել Նիկոլի գլխավորությամբ: Որ այլ երկրների, այլ կառույցների ներկայացուցիչներ ՀՀ ներքին քաղաքական իրավիճակի մասին հայտարարություններ են անում, ում հետ ուզում՝ հանդիպում են, ինչո՞ւ հայտարարություններ չեղան: Որ տրանսգենդերն ԱԺ ամբիոնից տրանսգենդերություն է քարոզում, դա ողջունո՞ւմ էին: Ինչ վերաբերում է ՌԴ դեսպանին, ապա Ռուսաստանը մեր դաշնակիցն է, ու դեսպանն ինքն է որոշում՝ ում հետ հանդիպել: Մանավանդ նա հանդիպում է մի մարդու հետ, ով ՀՀ երկրորդ նախագահն է, ով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների համար ոչ թե կենացներ է խմել, այլ կոնկրետ ձեռքբերումներ է ունեցել: ՌԴ դեսպանը մեզ հետ էլ է հանդիպել, և ոչ միայն ՌԴ դեսպանի հետ: Մենք հաճախակի այլ հանդիպումներ էլ ենք ունենում»:

Շարմազանովը հայտարարեց, որ թեմայի շուրջ հնչել են զավեշտալի հայտարարություններ. «Այս երիտասարդները, ովքեր քայլելով եկել են իշխանության, չեն գիտակցում պետական ղեկավարման մեջ իրենց առաքելությունը: Նրանք բոլոր ոլորտներում փայլուն հարաբերություններ են փչացնում: Այնպես չէ, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները լավ են: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ամենախիստն ինքն է քննադատել ԱՄՆ-ին: Տո տնաշեն, քո գործը սրան-նրան քննադատելը չէ, քո գործը՝ որպես պետության ղեկավարի, հարաբերություններ բարելավելն է բոլոր կողմերի հետ՝ ի շահ ինձ՝ ՀՀ քաղաքացուս: Այլ ոչ թե գնալ ու ռուսական լրատվամիջոցի հետ փոփոլանալ՝ ես գիտեք ինչ տղա եմ, ամերիկացիներին ոնց եմ քննադատում: Որտեղ քննադատելու էր, ընդհանրապես չքննադատեցիր»:

Ինչ վերաբերում է նրան, որ ինքը լավ բաները չի տեսնում, Շարմազանովն ասաց, որ ինքը փաստերով քննադատում է, իսկ լավ բաների համար 88 հոգի պատգամավոր ունի Փաշինյանը, որ ծափ են տալիս. «Ես ճիշտն եմ տեսնում, ես ընդդիմադիր եմ, պետք է քննադատեմ: Մեղադրեք ինձ, երբ փաստերը խեղաթյուրեմ»:

Շարմազանովի խոսքերով, Հայաստանում այսօր լավացել է միայն Նիկոլ Փաշինյանի նեղ շրջապատի կյանքը:

Նույն շարքից