Հայաստանի Վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվությունն արդեն ուղարկվել է Ազգային ժողով:
Տարեկան հաշվետվությունը ԱԺ ուղարկվել է մարտի 31-ին երեկոյան: Սպասվում է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կստորագրի, որից հետո այն խորհրդարանում կդրվի շրջանառության մեջ, կհրապարակվի պաշտոնական կայքում:
ՎՊ լրատվական ծառայությունից չհստակեցրին, թե առանցքային ինչ ոլորտների է անդրադարձ կատարվում ՎՊ տարեկան հաշվետվության մեջ, սակայն մեր տեղեկություններով, դրանում մեծ մասը հատկացված է գնումների ոլորտին և առանձին հատված էլ վերաբերում է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրերի վրա կատարված ծախսերի արդյունավետությանը:
Հիշեցնենք` Վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվություն Ազգային ժողովում կառավարության և խորհրդարանական մեծամասնության կողմից սվիններով էր ընդունվել: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարել էր, որ պետական բյուջեի մեծ մասը վատնվում է և հանդես էր եկել գնահատականներով:
Այդ առնչությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել էր. «Վերահսկիչ պալատն իրավունք չունի հանդես գալու քաղաքական հայտարարություններով: Վերահսկիչ պալատը պարտավոր է ներկայացնել միայն ու միայն մասնագիտական եզրակացություններ, իսկ քաղաքական գնահատականներ տալը ԱԺ-ի և գործադիր իշխանության ֆունկցիաներն են»:
Դրանից հետո անհրաժեշտություն առաջացավ փոփոխություններ կատարել Վերահսկիչ պալատի մասին օրենքում և վերջերս կառավարությունը նիստում հաստատեց կատարված փոփոխությունը` ԱԺ ուղարկելու համար:
Ըստ այդմ, կառավարությունն առաջարկում է 6-րդ հոդվածում ավելացնել նոր` 6-րդ մաս՝ այսպիսի բովանդակությամբ. «Վերահսկիչ պալատի պաշտոնատար անձանց հրապարակային ելույթները, հրապարակումներն ու հայտարարությունները չպետք է պարունակեն քաղաքական գնահատականներ, ինչպես նաև եզրահանգումներ՝ վերահսկիչ պալատի կողմից հայտնաբերված խախտումների իրավական հետևանքների վերաբերյալ»: