Քեսաբի դեպքերում հերթական անգամ արձանագրվեց ՀՀ ապաշնորհ դիվանագիտության փաստը։ Հրավիրված մամուլի ասուլիսում այսպիսի տեսակետ հայտնեց Երևանի քաղաքապետարանի «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը։
«Այն պատգամավորները, որ մասնավոր այցով գնացին Լաթաքիա, ես ողջունել եմ ու շատ ոգևորված եմ, դրանից հետո Քեսաբի վերաբերյալ հայտարարություններն ու ասելիքները սկսեցին շատանալ»,-ասաց Անահիտ Բախշյանը, ապա անդրադառնալով պատգամավորների մասնավոր այցը ֆինանսավորող ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանին` ասաց, թե Արման Սահակյանը կարգին նկարագիր ունեցող մարդ է, և պատահական չէ, որ այդ այցն ինքը ֆինանսավորեց։
«Դրանից հետո սկսեցին Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից հայտարարությունները։ Իսկ մեր արտգործնախարարությունն իր լղոզած հայտարարություններով թե ինչ դեր ունեցավ, այդպես էլ չհասկացանք։ Հասկանում եմ, որ Սիրիան այլ պետություն է, բայց մեր հայրենակիցները ոգևորվեցին, երբ տեսան Հայաստանից պատվիրակություն է եկել և մտահոգ է իրենց կյանքի համար»,-նշեց Անահիտ Բախշյանը։
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանն էլ անդրադառնալով արտգործնախարարության աշխատանքներին` ասաց, թե դիվանագիտությունը տարբեր վեկտորներ ունի և ճիշտ դիվանագիտությունը բոլոր վեկտորների ճիշտ օգտագործումն է։
«1990-ականներից մինչև հիմա մի բաց եմ տեսնում, որ կա մեր պառլամենտական դիվանագիտության մեջ` չհամախմբվածությունն է։ Բայց հիմա այն կարծիքին եմ, որ մեր պատգամավորները ճիշտ վարվեցին, որ համախմբվեցին և մեկնեցին Լաթաքիա»,-ասաց Լեռնիկ Ալեքսանյանը։
Ապա վերջինս հարցադրում արեց, թե արդյոք ճի՞շտ է, որ մեր պետական դիվանագիտությունը խառնվի Սիրիայի գործերին։ Ըստ նրա՝ ճիշտը չեզոքություն պահպանելն է։
Հակադարձելով Լեռնիկ Ալեքսանյանին, Անահիտ Բախշյանն ասաց, թե 1915 թվականին էլ չեզոքություն պահպանեցինք և ցեղասպանվեցինք։
«Եթե չեզոքությունը ճիշտ լիներ, ապա Սիրիայի կառավարությունն այդ մակարդակով չէր ընդունի ու կարևորի հայ պատգամավորների այցը։ Տեսե՛ք, թե ինչ մակարդակով ընդունեցին ու կարևորեցին մեր պատգամավորներին։ Ուրեմն՝ նրանք իսկապես Հայաստանի կողմից չեզոքություն չէին ակնկալում, այլ՝ կոնկրետ արձագանք»,-ասաց Անահիտ Բախշյանը։