Հասարակություն 

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերի հետ

analitik.am

Հունիսի 24-ին Ժնև կատարած աշխատանքային այցի շրջանակներում տեղի ունեցավ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փոխգործակցության օրակարգային հարցերի։ Կողմերն արժևորեցին Հայաստանի տարբեր գերատեսչությունների հետ ոլորտային համագործակցությունը, այդ թվում՝ միջազգային հումանիտար իրավունքի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումների մասով։

Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը բարձր է գնահատում ԿԽՄԿ մարդասիրական առաքելությունը Հայաստանում ու Արցախում, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության գոտում ծավալած գործունեությունը և հայտնեց  կազմակերպության հետ համագործակցության շարունակականությունն ապահովելու պատրաստակամությունը:

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումներին՝ ԱԳ նախարարը մեծապես կարևորեց համակարտության գոտում բնակվող մարդկանց անօտարելի իրավունքների ապահովումը, նրանց հումանիտար իրավունքի անշեղ իրագործումը։

Առանձնահատուկ նշվեց խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծման կարևորությունը խաղաղ գործընթացների արդյունավետ ծավալման գործում։

Նույն շարքից