Քաղաքական 

Արմեն Աշոտյանը Քեսաբի հարցով նամակ է հղել ԵԺԿ-ին

ՀՀ կրթության և գիտության նախարար, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը Սիրիայում բնակվող հայերի վիճակի վերաբերյալ նամակ է հղել Եվրոպական ժողովրդական կուսակցությանը (ԵԺԿ)՝ նշելով, որ ՀՀԿ-ն խորապես մտահոգված է Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածում, մասնավորապես՝ հայաշատ Քեսաբում ու դրան հարակից բնակավայրերում պատերազմական իրավիճակի սրմամբ։

 

Պաշտոնյայի ֆեյսբուքյան էջում տեղադրված նամակում նշվում է, որ Քեսաբի աշխարհագրական դիրքն ու ներկայում հասանելի բոլոր ապացույցները վկայում են, որ իրականացված վերջին հարձակումների պատասխանատվությունը կրում են «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման հետ կապված գրոհայինները, ովքեր ներխուժել են հարևան Թուրքիայի տարածքից։

 

 «Նրանց դաժան գործողությունների թիրախում հիմնականում եղել է խաղաղ բնակչությունը, որը ստիպված է եղել տեղահանվել։ Ծայրահեղական խմբավորումները պղծել են Քեսաբի հայկական եկեղեցիները, ինչպես նաև զգալի նյութական վնաս հասցրել տեղահանվածների ունեցվածքին։ Ներկայում Քեսաբում մնացել է մի քանի տարեց մարդ, ովքեր ի վիճակի չեն եղել հեռանալ, ու նրանց ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ»,- գրել է Աշոտյանը։

 

Նա նաև նշել է, որ այդ ցավալի հարձակումները հակասում են ՄԱԿ-ի թիվ 2139 և 2118՝ միաձայն ընդունած բանաձևերին, որոնք ուղղված են սիրական հակամարտության խաղաղ կարգավորմանը։

 

«Հայաստանը բազմիցս բարձրացրել է Սիրիայի էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների անհապաղ պաշտպանության անհրաժեշտության հարցը։ Այնուհանդերձ, հակամարտությունը շարունակվում է, ու հարկավոր է դիմակայել թուրքական իշխանություններին, որպեսզի նրանք այլևս իրենց տարածքը չտրամադրեն ծայրահեղականներին»,- շարունակել է նախարարը՝ կոչ անելով միջազգային հանրությանն արդյունավետ միջոցառումներ ձեռնարկել տեղահանվածների, այդ թվում նաև հայերի անվտանգությունն ապահովելու համար։

 

Աշոտյանն իր նամակը եզրափակել է հետևյալ տողերով. «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կոչ է անում ԵԺԿ-ի անդամ կուսակցություններին հետևել Քեսաբում ծավալվող իրադարձություններին ու աջակցել Սիրիայի հայ համայնքի հիմնարար իրավունքների պաշտպանությանը»։ 

Նույն շարքից