Քաղաքական 

«Հայազն» կուսակցությունը պահանջում է պատժել հակասահմանադրական օրինագիծը ստիպողաբար պարտադրողներին

«Հայազն» կուսակցությունը շնորհավորում է «Դեմ եմ» շարժման բոլոր մասնակիցներին, եւ ողջ քաղաքացիական հանրությանը՝ Մաշտոցի պուրակի, Տրանսպորտի թանկացման դեմ տարված պայքարներում արձանագրած հաղթանակից հետո հերթական խոշոր հաղթանակի առթիվ:

 

Կուսակցության վարչության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Կարեւորում ենք հակադարձող բնույթի պայքարից դեպի սեփական ազգային-քաղաքական օրակարգ ձեւավորելուն միտված քայլերը: Այլեւս կատարվածին ճիշտ գնահատական տալու եւ դեպի համակարգային փոփոխություններ շարժվելու ժամանակն է:

 

Միաժամանակ իշխանություններից պահանջում ենք.

 

• Օրենքով սահմանված կարգով պատժել հակասահմանադրական օրինագիծը ստիպողաբար պարտադրողներին:

 

• Կազմակերպել մինչ օրս անօրինաբար կատարված պահումների արագ ու ամբողջական ետ վերադարձ:

 

• Աշխատանքի ընդունել Մետրոպոլիտենի, Օպերայի եւ այլ պետական կառույցների այն աշխատակիցներին, ովքեր աշխատանքից ազատվեցին «Դեմ եմ» շարժմանն աջակցելու համար:

 

• Համապատասխան փոխհատուցում տալ շարժման ակցիաների ընթացքում բերման ենթարկված, ձերբակալված ակտիվիստներին:

 

• Պատժել սեփական սահմանադրական իրավունքներն իրացնող քաղաքացիների հանդեպ օրինախախտումներ կատարած ոստիկաններին»:

 

Նշենք, որ Հայաստանի Սահմանադրական դատարանն այսօր՝ ապրիլի 2-ին, Սահմանադրությանը հակասող եւ անվավեր է ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի ամբողջ շարք հոդվածներ, որոնց վերաբերյալ հայց էին ներայացրել դատարան: Մասնավորապես չեղյալ է հայտարարվել օրենքի պարտադիր բաղադրիչը:

Նույն շարքից