Հավատը կարեւոր դեր խաղաց Սահմանադրական դատարանի որոշման վրա, իսկ ՍԴ-ն մնաց իր բարձունքի վրա: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, «Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթները հակասահմանադրական ճանաչող ՍԴ որոշման հրապարակումից հետո հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Իմ գոհունակությունն եմ հայտնում բոլոր քաղաքացիներին, ովքեր օգնեցին մեզ ըստ պատշաճի հանդես գալ դատարանում: Ւմ գոհունակությունն եմ հայտնում նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որ կարող էր միջամտել եւ իր ազդեցությունն ունենալ, բայց չարեց»,- ասաց նա:
Արծվիկ Մինասյանն իր խոսքում անդրադարձավ նաեւ իշխանության ներկայացուցիչներին. «Մենք թշնամի չունենք այս պայքարի մեջ, մենք ցանկանում ենք, որ այս հաղթանակը լինի մեր պետականությանն ուղղված հաջողություն, սա անհատական հաղթանակ չէ»:
Հայցվոր կողմի փաստաբան Մերի Խաչատրյանն էլ իր խոսքը սկսեց՝ դիմելով այն քաղաքացիներին, ումից հարկադրաբար պահել են 5% պարտադիր վճարը:
«Պետք է տեր կանգնել իրավունքներին եւ թույլ չտալ գործատուներին պահումներ կատարել: ՍԴ-ի որոշումը պետք է պահել ձեռքում եւ հարկ եղած դեպքում դիմել վարչական դատարան, եթե կոտնահարեն ձեր իրավունքները»,- նշեց Մերի Խաչատրյանը:
Նշենք, որ ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց օրենքը: Մինչեւ սեպտեմբերի 30-ը ՍԴ-ն ժամանակ է տվել խորհրդարանին եւ կառավարությանը՝ վիճահարույց օրենքի հակասահմանադրական ճանաչված դրույթները փոփոխության ենթարկելու համար: Մինչեւ այդ կատարված պարտադիր կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն: Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից: