Հայաստան Քաղաքականություն 

Հայաստանում իրավական «բեսպրեդել» է. Աղասի Ենոքյան

analitik.am

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանի կարծիքով՝ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ ինքը ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունները, հնչեց այն պատճառով, քանի որ այսօր  վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իր քաղաքական թիմը փորձում են վերահսկողություն սահմանել դատական իշխանության բոլոր մակարդակների նկատմամբ։ Այս մասին հայտնում է 168 ժամը:

Ըստ քաղաքագետի՝ այս ամենի առաջին փորձը եղավ վարչապետի կոչը դատարանների մուտքերն արգելափակելու վերաբերյալ, երկրորդ փորձը՝ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամների հրաժարականն էր, ինչը, ենթադրելի է, որ տեղի է ունեցել որոշակի կոմպրոմատների մեթոդներով, իսկ հաջորդ քայլն արդեն կապված է Սահմանադրական դատարանի հետ։

«Բոլորս տեսանք, որ Վահե Գրիգորյանի առաջադրումը խնդրահարույց էր, այսինքն՝ նա մեկ անգամ առաջադրվել էր, քվեարկության արդյունքում չէր անցել։ Սահմանադրությունը պահանջում էր, որ նոր թեկնածու առաջադրվի, նախագահն առաջադրեց, սակայն նրանք չհաստատվեցին ԱԺ-ի կողմից, և նա ստիպված կրկին առաջադրեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը։ Ընդ որում, հետաքրքիրն այն էր, որ Վահե Գրիգորյանը պնդում էր, որ նախագահը լեգիտիմ չէ, այսինքն՝ դուրս է գալիս, որ նա առաջադրվում է ոչ լեգիտիմ նախագահի կողմից, և այդ առաջադրումը համարում է լեգիտիմ։ Ամեն դեպքում, բոլորիս համար անակնկալ էր, այդ թվում՝ իր թիմակիցների, երբ Վ. Գրիգորյանը երդվեց ոչ թե՝ ՍԴ դատավոր, այլ՝ նախագահ, և որպես դրա հիմնավորում՝ տրվեց ինչ-որ բառախաղ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Աղասի Ենոքյանը։

Նրա բնորոշմամբ՝ Հայաստանում իրավական «բեսպրեդել» է, քանի որ իրավական տեսանկյունից համարվում է, որ ով՝ ինչ ցանկանա, կարող է անել, և այս համատեքստում էլ Վահե Գրիգորյանը որոշել է իրեն հռչակել Սահմանադրական դատարանի նախագահ։

Այս ամենը, քաղաքագետի կարծիքով, ոչ թե իրավական, այլ քաղաքական հարց է։

«Այս ամենի համար կան բազմաթիվ գործոններ, սակայն ամենամեծ գործոնն ընդդիմության բացակայությունն է։ Այսօր մենք տեսնում ենք, որ Հայաստանում ընդդիմություն գոյություն չունի, և այդ պատճառով իշխանությունների գործողություններին հակադրվող որևէ ուժ չկա։ Ուստի իշխանություններին թվում է, որ կարող են ամեն ինչ անել»,- շեշտեց Աղասի Ենոքյանը։

Թե ի՞նչ հանգուցալուծում կունենա այս հարցը, քաղաքագետը դժվարացավ պատասխանել, սակայն մեկ բան ակնհայտ է, եթե Վահե Գրիգորյանն իր երազանքն իրականացնի, ապա քաոսը շատ ավելի կխորանա, սակայն մյուս կողմից էլ՝ նա չի կարողանա ետքայլ անել, քանի որ խախտվելու են լուրջ հոդվածներ։

Նույն շարքից