ՌԴ «Պաղեստինյան կայսերական ուղղափառ միություն» (ՊԿՈՒՄ) մարդասիրական կազմակերպության նախագահ Սերգեյ Ստեպաշինը, ով այցելել է Դամասկոս, Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանավոր ուղերձը, գրում է ИТАР-ТАСС-ը։
«Ես եղել եմ Սիրիայում հասարակական առաքելությամբ։ Մենք մարդասիրական օգնություն ենք հատկացնում այս երկրին, ընդ որում՝ ոչ բյուջեի միջոցներով։ Դա այն է, ինչ հավաքում են մեր հայրենակիցները։ Ավելի քան 2 մլն դոլարի բեռ ենք արդեն ուղարկել և կշարունակենք աշխատանքն այդ ուղղությամբ։ Այն պատճառով, որ այցը եղել է Սիրիայի համար դժվարին շրջանում, ես տեղեկացրել եմ մեր նախագահին, և նա բանավոր ուղերձ է փոխանցել Բաշար ալ Ասադին»,- նշել է Ստեպաշինը։
Ուղերձի իմաստն այն է, որ իրենք աջակցում են և կշարունակեն աջակցել Սիրիային՝ արտաքին ագրեսորի և ահաբեկչության դեմ պայքարում։ Նրանք շնորհակալություն են հայտնել Ասադին նաև քիմիական զենքի վերաբերյալ նրա դիրքորոշման համար, ինչպես նաև նշել են այն քայլերի կարևորությունը, որոնք ձեռնարկում է կառավարությունը իրավիճակի կարգավորման համար։