Հասարակություն 

Ինչ հույսով այսօր Ռոբերտ Քոչարյանը մտավ ԱԱԾ. Լևոն Քոչարյանն անկեղծացավ

analitik.am

Մեր աջակիցների կողմից վտանգ չկա: Այսօր՝ հունիսի 25-ին, ԱԱԾ-ի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, պատասխանելով հարցին, թե կա արդյո՞ք իրենց աջակիցների կողմից վտանգ դատավորներ Դավիթ Գրիգորյանի և Արմեն Դանիելյանի համար, ովքեր դիմել են ոստիկանություն իրենց անվտանգությունն ապահովելու համար. «Ես ավելի քան համոզված եմ, որ նման բան չկա: Վտանգը կար այն ժամանակ, երբ առաջին ատյանի դատավորն ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին: Դրանից հետո դատավորի նկատմամբ բռնության կոչեր եղան, նրա հասցեն էին դնում համացանցում: Իրական վտանգն այնտեղ էր: Այս դատավորը երևի տեսավ, թե ինչ է ու հատուկ միջոցներ ձեռնարկեց»:

Կրտսեր Քոչարյանը հավաստիացրեց, որ իրենց աջակիցների կողմից վտանգ չի կարող լինել դատավորների նկատմամբ. «Եկեք չմոռանանք, որ հայրս 6 ամիս մնացել է կալանքի տակ: Ինչ-որ մեկին մի բան եղա՞վ: Նույնիսկ դատախազությունը չի կարողանում փաստ բերել, որ խոչընդոտելու դրսևորում է եղել: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կաներ դատախազությունը, եթե սպառնալիք լիներ դատավորի նկատմամբ»:

Լևոնը չի համարում, թե իր հայրը սպառնացել է դատավորին, երբ հորդորեց յախան թափ տալ իր գործից. «Եթե դու մարդ ես սպանում, դու պատասխանատվության ես ենթարկվելու: Դա սպառնալիք չէ: Նույնն էլ նա է զգուշացնում: Մենք ասում ենք, որ այս գործը սարքած գործ է, իսկ եթե օրենքից դուրս բան ես անում, պետք է իմանաս, որ պատասխանատվության ես ենթարկվելու: Նա ասաց՝ օրենքով»:

Քոչարյանը չգիտի, թե ինչ է խոսել իր հայրը ՌԴ դեսպանի հետ:

Հարցին, թե ի՞նչ հույսով է Քոչարյանը մտել ՔԿՀ, Լևոնն ասաց՝ հույսով, որ այս աբսուրդն ինչ-որ պահի կվերջանա. «Մենք ամեն ինչ անելու ենք, որ դա այդպես լինի ու այդպես էլ լինելու է: Այս ամեն ինչը պետք է վերջանա»:

Նույն շարքից