Քաղաքական 

Օլանդը նախկին կնոջը պաշտոն է տվել նոր կառավարությունում

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախկին կինն ու նրա 4 երեխաների մայրը՝ Սեգոլեն Ռուայալը, նոր ձևավորված կառավարությունում ստացել է էկոլոգիայի, կայուն զարգացման ու էներգետիկայի նախարարի պաշտոնը։

 

Ինչպես նշում է The Telegraph-ը, այսպիսով Ռուայալը դարձել է Օլանդի կառավարությունում 3-րդ ամենաազդեցիկ պաշտոնյան՝ արտգործնախարար Լորան Ֆաբյուսից ու վարչապետ Մանուել Վալսից հետո։

 

Պարբերականը նշում է, որ նոր կառավարության վերաբերյալ ամենահետաքրքրական փաստն այն է, որ դրանում կին և տղամարդ նախարարների թիվը հավասար է։
 

Ժան Իվ լե Դրիանը շարունակում է պաշտոնավարել պաշտպանության նախարարի պաշտոնում, ֆինանսների նախարար է նշանակվել Միշել Սապինը, էկոնոմիկայի, արդյունաբերության ու թվային տեխնոլոգիաների նախարար է դարձել Առնո Մոնտեբուրը։ Իսկ արդարադատության ու ներքին գործերի նախարարների պաշտոնում նշանակվել են Կրիստիան Տոբիրան ու Բեռնար Կազենևը։

 

Աղբյուրը հիշեցնում է, որ անցած հանգստյան օրերին Ֆրանսիայում կայացել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների 2-րդ փուլը, ինչի արդյունքում իշխող Սոցիալիստական կուսակցությունը պարտություն է կրել։ Դրանից հետո նախագահ Օլանդը որոշել է ցրել կառավարությունն ու նորը ձևավորել։

Նույն շարքից