Փաստորեն Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշել է, որ չնայած Պարտադիր կուտակային բաղադրիչը հակասահմանադրական է, այն պետք է շարունակի գործել որպես սահմանադրական: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշմանը:
«Այսպիսով, կարող ենք ամփոփել Հայաստանի Սահմանադրական դատարանի գործունեության արդյունքները.
- Հակասահմանադրական «նախագահներ»:
- Հակասահմանադրական խորհրդարաններ:
- Հակասահմանադրական միջպետական պայմանագրեր:
Հիմա էլ՝ հակասահմանադրական օրենք, որ ըստ ՍԴ որոշման՝ պիտի ձեւ անենք, թե սահմանադրական է: Արժանի շտրիխ՝ ՀՀ Սահմանադրական դատարանի խայտառակ կերպարին»,-գրել է Փաշինյանը:
Նշենք, որ ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց «Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթները: Մինչեւ սեպտեմբերի 30-ը ՍԴ-ն ժամանակ է տվել խորհրդարանին եւ կառավարությանը՝ վիճահարույց օրենքի հակասահմանադրական ճանաչված դրույթները փոփոխության ենթարկելու համար: Մինչեւ այդ կատարված պարտադիր կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն: Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից:
Այս առնչությամբ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը հայտարարել է հետեւյալը. «Մինչեւ սեպտեմբերի 30-ը «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքը գործելու է, եւ քաղաքացիները պարտավոր են շարունակել վճարել պարտադիր կենսաթոշակային վճարները»: