Քաղաքական 

ՍԴ-ն պետք է վերծանի իր «մանուսկրիպտը». Նաիրա Զոհրաբյան

Սահմանադրական դատարանը պետք է «վերծանի»՝ պարզաբանի երեկ «Կուտակային կենսաթոշակային» օրենքի մասին ՍԴ որոշման եզրափակիչ մասը, այս մասին հայտնեց ԱԺ 36 պատգամավորների անունից ՍԴ դիմում ներկայացրած 4 ուժերից «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ավելացնելով։

«Ակնկալում ենք, որ Սահմանադրական դատարանի հստակ պարզաբանումը լինի իր իսկ հրապարակած մանուսկրիպտի վերաբերյալ, վերծանի այն, որպեսզի ՀՀ քաղաքացին հասկանա՝ ի վերջո ինչ վճիռ է կայացրել Սահմանդրական դատարանը: Քանի որ երեկվանից մեզ բոլորիս հարյուրավոր քաղաքացիներ են դիմում, որոնք ցանկանում են հասկանալ՝ հիմա իրենց գումարներ գանձվելո՞ւ են, թե ոչ: Եթե այո, ապա ի՞նչ է նշանակում Սահմանադրական դատարանի այն որոշումը, որ դրույթները ճանաչվեցին հակասահմանադրական և անվավեր»,– ասաց նա:

Հիշեցնենք, որ ՍԴ-ն երեկ հակասահմանադրական ու անվավեր ճանաչեց «պարտադիր» բաղադրիչը, որը ենթադրում էր աշխատավարձերից կենսաթոշակային ֆոնդերին ուղղվող պարտադիր վճարներ` 5-10 տոկոսի չափով։ Սակայն թե՛ վարչապետը, և թե՛ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարեցին, որ որևէ անձի կողմից մինչև սեպտեմբերի 30-ը ի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի բոլոր դրույթների չիրականացումը, կառաջացնի իրավական հետևանքներ:

Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ միայն սեփական ժողովրդի հանդեպ հարգանք չունեցող բարձրագույն դատարանը կարող էր այնպիսի վճիռ հրապարակել, որի շուրջ երեկվանից երկրի իրավաբանական ու փորձագիտական ողջ ներուժը գլուխ է կոտրում, և չի կարողանում հասկանալ, թե, ի վերջո, կուտակային պարտադիր բաղադրիչը կասեցվե՞լ է, թե՞ ոչ:

 

«Որովհետև այդ դրույթների հակասահմանադրական ճանաչելուց հետո իշխանության տարբեր ներկայացուցիչներ տարբեր եթերներից իրարամերժ հայտարարություններ են անում՝ ասելով, որ մի դեպքում կասեցվել է, մի դեպքում ՝ որ չի կասեցվել»,- ներկայացրեց Ն. Զոհրաբյանը:




Սկզբնաղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2014/04/03/Naira-zohrabyan/

Նույն շարքից