Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի համոզմամբ՝ հայերը պետք է լավ հասկանան, որ Սիրիայի Քեսաբ ավանում տեղի ունեցածը չի կարելի ցեղասպանություն կոչել, քանի որ այնտեղ հայ զոհեր չկան:
«Իհարկե՛, հումանիտար աղետ կա, իհարկե՛, մեր հայրենակիցներն օգնության կարիք ունեն հատկապես՝ Հայաստանի Հանրապետությունից, բայց միևնույն է, Քեսաբում տեղի ունեցածը ցեղասպանություն չէ»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց քաղաքագետը:
Նա ասաց, թե չի բացառում, որ եթե և՛ սիրիական բանակը, և՛ հայկական կողմը ժամանակին չհասցնեին հանել ժողովրդին Քեսաբից, ապա այնտեղ ցեղասպանություն կլիներ:
«Համոզված եմ, որ թուրքական կողմն ահաբեկիչներին հրաման է տվել հայերին ձեռք չտալ, քանի որ Ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին նրանց ձեռնտու չէ, որ նոր զոհեր լինեն: Բայց եթե թուրքն այնտեղ անպաշտպան կին կամ երեխա տեսներ, ապա չէր զսպի իրեն իր բնազդից և կվնասեր նրանց»,- նշեց Լևոն Մելիք-Շահնազարյանը:
Ըստ քաղաքագետի՝ թուրքերը Քեսաբում նպատակ չեն ունեցել հայերին սպանել, այլ նրանք Արևմտյան Քրդստան կոչվող հասկացությունից են անհանգստացած:
«Արևմտյան Քրդստանը մեծ վտանգ է ներկայացնում Թուրքիային, որովհետև նրանց միացած են նաև Թուրքիայում բնակվող քրդերը: Սա, իհարկե՛, Թուրքիայի համար վտանգ է ներկայացնում և Թուրքիայի հիմնական նպատակն է վերացնել Արևմտյան Քրդստան հասկացողությունը»,- տեղեկացրեց քաղաքագետը:
Վերջինիս համոզմամբ՝ Հայաստանի և Արցախի իշխանությունները պետք է դիմեին Բաշար Ասադին, ՄԱԿ-ին, միջազգային այլ կառույցներին, ապա Քեսաբ ուղարկեին հայկական հատուկ պատրաստված ջոկատներ՝ ոչ թե պատերազմելու, այլ հայ համայնքին պաշտպանելու, ինչպես նաև նրանց Հայաստան տեղափոխելու համար:
«Երբ իրավիճակը խաղաղվեր, դրանից հետո քեսաբահայերը կորոշեին՝ մնո՞ւմ են այստեղ, թե՞ գնում են»,- եզրափակեց Լևոն Մելիք-Շահնազարյանը: