Ռուսաստանն ու Իրանն ապրանքափոխանակման մասին խոշոր համաձայնագիր են պատրաստում: Գործարքի ծավալը կկազմի 20 միլիարդ դոլար, գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Reuters-ին, որն էլ վկայակոչում է Մոսկվայում անանուն աղբյուրների։
Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն արդեն պատրաստ են, մնացել է միայն համաձայնեցնել իրանական նավթի գինը, որի մատակարարման դիմաց Թեհրանը Ռուսաստանից կստանա սարքավորումներ և տարբեր տեսակի ապրանքներ։
Խոսքը մետաղների և սննդի մատակարարման մասին է, այլ ոչ ռազմական արտադրանքի, հստակեցրել է ռուս աղբյուրը: Իրանական կողմի անանուն ներկայացուցիչները հաստատել են երկու-երեք տարիների ընթացքում օրական 500 հազար բարել ծավալով Ռուսաստան նավթ արտահանելու պլանները: Ենթադրվում է, որ նավթի մատակարարումը կիրականացվի գներով, որոնք «մի քանի դոլարով» ցածր կլինեն, քան համաշխարհային շուկայում:
Ռուսական, ինչպես նաև իրանական կառավարությունների ներկայացուցիչները չեն մեկնաբանել գործարքի մասին տեղեկատվությունը: