Ինձ համար ընդունելի չէ, որ առողջապահության վարչության աշխատակիցն ունի մասնավոր բուժհիմնարկ, կրթության վարչության աշխատակիցը՝ մասնավոր դպրոց, տրանսպորտի վարչության աշխատակիցը՝ սեփական երթուղային գիծ: Այստեղ հստակ շահերի բախում կա: Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը՝ ցանկանալով իմանալ, թե ինչ տեսլական կա շահերի բախումից խուսփելու համար:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ հարցը պետք է կարգավորել օրենքով, իսկ եթե օրենքի խախտում կա, իրավապահները պետք է զբաղվեն դրանով: Եթե խախտում չկա, ուրեմն օրենքը թերի է: Մարությանը խոսքերով, եթե օրենքում բաց կա, պետք է գրել այնպիսի օրենք, որը կբացառի երևույթը, այլ կարգավորում չկա:
Իմքայլականը կարծիք հայտնեց, որ օրենքի մասով բացեր կան և երևի թե ճիշտ կլինի համագործակցել ԱԺ պատգամավորների հետ: Նա նաև նշեց, որ առաջիկայում գուցե կներկայացվի նախագիծ, որը կբացառի շահերի բախումը:
«Ուղղակի հռետորական մի հարց տամ. ԱԺ պատգամավորների շարքերում կա՞ն մարդիկ, ովքեր բիզնես ունեն, որ իրենց անունով չէ: Երևի թե կան: ԱԺ-ն նման օրենք ընդունելիս դժվարություններ է ունենալու, թե ոնց ընդունի, որ միայն քաղաքաապետարանին կպնի»,-ասաց Մարությանը՝ կարծիք հայտնելով, որ օրենքով կարգավորումներ պետք է լինեն և հավելելով, որ ամբողջ աշխարհում այս խնդիրը կա՝ թղթով բիզնեսները պաշտոնյային չէ, սակայն իրականում պատկանում է նրան: