Քաղաքական 

ԼՂՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայում հանդիպել է Բունդեսթագի մի շարք պատգամավորների հետ

Շարունակվում է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Գերմանիա: Այս մասին հայտնում են ԼՂՀ մամլո ծառայությունից։


Հաղորդագրության մեջ ասվում է, որ պատվիրակությունը ապրիլի 2-ին հանդիպումներ է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենսդիր մարմնի՝ Բունդեսթագի մի շարք պատգամավորների, այդ թվում՝ քրիստոնյա-դեմոկրատ Մայք Բերմանի և սոցիալ-դեմոկրատ Շտեֆեն-Կլաուդիո Լեմմեի հետ:


Հանդիպումների ընթացքում գերմանացի օրենսդիրներին են ներկայացվել ԼՂՀ-ում պետականաշինության գործընթացի առանձնահատկությունները։ Միևնույն ժամանակ, շեշտվել է միջազգային գործընթացներին Արցախի ներգրավման կարևորությունը, ինչը լուրջ հիմք կարող է հանդիսանալ ժողովրդավարական արժեքների և ազատությունների ամրապնդման գործում: Քննարկվել են նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող և տարածաշրջանային բնույթի մի շարք հարցեր:

 

Բունդեսթագում կայացած հանդիպումներին ԼՂՀ պատվիրակությանն ուղեկցել է Բեռլինի Ազատ համալսարանի դոկտորանտ, ծագումով արցախցի Անդրանիկ Ասլանյանը:


Նույն օրը երեկոյան Բեռլինի Լիխտեմբերգ թաղամասի եկեղեցուն կից գործող սրահում տեղի է ունեցել Արցախի խորհրդարանի նախագահի հանդիպումը ԳԴՀ մայրաքաղաքի հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Դիմելով ներկաներին, Աշոտ Ղուլյանն արցախցիների անունից շնորհակալություն է հայտնել գերմանահայ համայնքին՝ ԼՂՀ-ին ցուցաբերվող մշտական օգնության և աջակցության համար և պատմել վերջին տարիներին Արցախի քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում իրականացված բարեփոխումների, արձանագրված հաջողությունների մասին:

 

Հանդիպման ավարտին, ի նշան երախտագիտության, Բեռլինի հայկական եկեղեցական և մշակութային համայնքը, Բեռլինի հայ համայնքը և Հայ ու եվրոպացի մասնագետների ասոցիացիան ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահի կողմից պարգևատրվել են Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 25-ամյակի հուշամեդալով:


ԼՂՀ պատվիրակության այցը շարունակվում է:

Նույն շարքից