640 հազար աշխատավարձ ստացվող մարդը ասում է, որ միթե ամոթ չէ, որ 45 հազար միջին աշխատավարձի պայմաններում բուժօգնություն է ցուցաբերվում Հայրիկյանին: Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի 2013թ տարեկան զեկույցին:
Հայրիկյանը հիշեցրեց, որ երբ Հայաստանում չկար ՄԻՊ հաստատություն, ինքը կատարում էր այդ պարտականությունները եւ աշխատում էր, որ ՀՀ-ում լինի ՄԻՊ հաստատություն: «Ինձ հաջողվեց այդ նպատակը իրականություն դարձնել: Դա նաեւ Հայաստանի որոշ քաղաքական ուժերի եւ միջազգային հանրության նպատակն էր, որ Հայաստանում մարդու իրավունքների նկատմամբ շեշտադրում կատարվի: Մարդու իրավունքների պաշտպանի դերն է մարդուն պաշտպանել իշխանությունների ոտնձգությունից եւ շատ հարցերում միջնորդ հանդիսանալ մարդու իրավունքները պաշտպանելու համար:
Ես աշխատել եմ 4 տարի առանց աշխատավարձ ստանալու, դա անում էի այն նպատակով, որ իմ անկախությունը պահպանեմ: Նույնիսկ աշխատանքային ստաժ ձեւակերպվելիս դա չմտավ, փաստորեն 4 տարի աշխատել եմ եւ կորցրել եմ ամեն տեսակետից: Հիմա մեկը, որ աշխատում է, 640 հազար դրամ աշխատավարձ է ստանում, չհաշված բազմաթիվ այլ ծախսեր, այդ մարդը համարձակվում է ցավ հայտնել, որ որպես նախագահի թեկնածու ահաբեկչության ենթարկված մարդուն պետությունը ինչ-որ չափով օգնել է: Իմ բուժումը շարունակվում է, վերջին մեկ տարվա ընթացքում 3 վիրահատություն եմ տարել, վերջինը մեկ ամիս առաջ, բայց չեմ ուզում իմ առողջականի մասին խոսելը:
Անպարկեշտ է համեմատություն անելը, 640 հազար աշխատավարձ ստացվող մարդը ասում է, որ միթե ամոթ չէ, որ 45 հազար միջին աշխատավարձի պայմաններում բուժօգնություն է ցուցաբերվում Հայրիկյանին: Այսինքն Հայրիկյանը պետք է մեռնե՞ր, իր ամբողջ կյանքում սրա նմանների համար, Հայաստանի ազատության եւ անկախության համար բանտերում անցկացներ, հետո գար անվճար աշխատեր ՄԻՊ պաշտոնում, իսկ ինքը աշխատի բարձր աշխատավարձով: Հայրիկյանը ուներ 4 հոգանոց աշխատակազմ եւ ավելի արդյունավետ էր գործում, քան իրենք են գործում: Չեմ խոսում նրա մասին, որ Հայրիկյանը ազատամարտիկ է, ամենավտանգավոր շրջանի պարեկ է եղել, նշանակված լինելով 2 ամիս, ծառայել է 4 տարի, միայն 43 զոհ եմ տվել, որոնցից 3-ը՝ աղջիկներ, այդ թեմայով էլ չեմ խոսել:
Այս մարդը, բանուգործ թողած, Հայրիկյան մարդու իրավունքները պաշտպանելու փոխարեն հարձակվում է Հայրիկյանի վրա»,- ասաց ԱԻՄ առաջնորդը:
Նա նշեց, որ իրական ահակեբչությունից հետո շարունակվեց քարոզչական ահաբեկչությունը իր նկատմամբ, թե Հայրիկյանն է ինքն իրեն կրակել, որ պետությունից գումար պոկի եւ այլն, «իսկ այսօր դրանք շարունակում է այդ երիտասարդիկը»
«Ամոթ իրեն, խորհուրդ կտամ, որ հասկանա, որ շատ բաներ գիտեմ, որոնց մասին չեմ խոսում: Միայն մեկ փաստ, ԵՄ-ն 700 հազար եվրոյի օգնություն հատկացրեց Մարդու իրավունքների հանձնաժողովին, ձեւականորեն մի քանի գրասենյակներ բացվեցին մարզերում, բայց փակվեցին, 4 մեքենա ունենալու դեպքում գնեցին 6 մեքենա, ես ընդամենը 1 մեքենա ունեի եւ ամեն ինչ հասցնում էինք»,- ասաց նա՝ շեշտելով, որ այդ մարդը չի համապատասխանում մարդու իրավունքներին սատարելու իր առաքելությանը, այլ զբաղված է պաշտոնը իրեն ծառայեցնելու ոչ պատվաբեր գործով: