Քաղաքական 

Քեսաբից Թուրքիա հասած տարեց կանայք նկարագրել են ավանում տիրող իրավիճակը

«Ակօս» պարբերականի հոդվածագիր Լորա Բայտարը զրուցել է Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանի վերջին իրադարձությունները վերապրած և զինյալների կողմից Թուրքիա տեղափոխված Թիթիզյան տարեց քույրերի հետ, ովքեր ներկայացրել են, թե ինչ է տեղի ունեցել Քեսաբում հայերի հեռանալուց հետո։

 

Անդրադարձն ու հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ։

 

Թուրքիայի Հաթայ նահանգի Յայլադաղը սահմանադռնից 3 կմ հեռավորությամբ գտնվող հայաբնակ Քեսաբ ավանը մարտի 21-ից ի վեր իսլամիստ և թուրքմեն խմբավորումների ձեռքում է։ Ավանի քաղաքացիական բնակչությունը Լաթաքիա և Տարտուս է տեղափոխվել։ Լաթաքիայի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում 60 ընտանիք է բնակվում.մնացած ընտանիքները հարազատների ու ծանոթների տներում են ապաստանել։

 

Զինյալները գրեթե բոլոր տները թալանել են, անգամ պատուհաններն ու դռներն են հանել և տեղափոխել Թուրքիա։

 

Քեսաբը լքել չցանկացած շուրջ 30 հայերից (հիմնականում տարեցներ) երկուսը՝ տարեց քույրեր, ապստամբների կողմից թուրք պաշտոնյաներին են հանձնվել։ Ընդդիմությունը նրանց հանելու ընթացքում ասել է, թե Լաթաքիա է տեղափոխում, սակայն 82-ամյա և 84-ամյա հայ քույրերը հայտնվել են Թուրքիայի միակ հայկական գյուղում՝ Վաքըֆլըում։

 

Սրբուհի Թիթիզյանը հայրենիքից հեռանալիս տան բանալիները հանձնել է զինյալներից մեկին։ Հարցին, թե ինչո՞ւ է նման բան արել, տարեց հայուհին պատասխանում է. «Եթե չտայի, մեր հեռանալուց հետո դուռը կկոտրեր ու կմտներ»։

 

Թիթիզյան քույրերից բացի 90-ամյա սիրիացի Իսման Նիզարն էլ է Յայլադաղը տեղափոխվել։

Սաթենիկ և Սրբուհի Թիթիզյանները պատմել են, թե ի՞նչ է իրենց գլխով անցել։

 

-Ինչպե՞ս ձեզ դուրս բերեցին ձեր տնից։
 

-Հայերի՝ Քեսաբից հեռանալուց մեկ շաբաթ էր անցել։ Մորուքավոր մարդիկ մտան մեր տուն։ 10 հոգի էին՝ երկար մազերով, բարձրահասակ։ Երբ հասկացան, որ վախենում ենք, «Մի՛ վախեցեք» ասացին։ Մտան տուն, տակնուվրա արեցին։ «Զենք ունե՞ք» հարցրին։ «Ո՛չ որդի, ո՛չ ամուսին չունենք, երկուսս միայնակ ենք, զենքն ի՞նչ պիտի անենք»,-ասացինք մենք։ Գնացին։

-Արաբերե՞ն էին խոսում։

-Ոչ, թուրքերեն էին խոսում։ Միայն մենք և Ստալին անունով մեր տարեց հարևանն էր մնացել Գարադուրանում։ Ուրիշ մորուքավոր մարդիկ եկան։ Ստալինին կանչեցինք, քանի որ մորուքավոր մարդն արաբերեն էր խոսում, չէինք հասկանում։ Հարևանն ասաց, որ այդ մարդը վաղը մեզ Լաթաքիա մեկնած հայերի մոտ է տանելու։ Հաջորդ օրը առավոտյան 7-ին եկավ այդ մարդն ու մենք մեքենա նստեցինք։ Տան դուռը փակեցի ու բանալին տվեցի այդ մարդուն։
 

-Ինչո՞ւ տվեցիք։

-Եթե չտայի, մեր հեռանալուց հետո դուռը կկոտրեր ու ներս կմտներ։ «Վերցրո՛ւ, թող քեզ մնա, ողջ մնաս մեր տանը»՝ ասացի։ Ոչինչ չասաց, բանալին գրպանը դրեց ու շարժեց գլուխը։

Նա մեր ապրանքները տեղափոխեց, մեզ վատ չէր վերաբերվում։ Սահմանն անցնելուց հետո մեզ մեծ մարդու մոտ տարան (Յայլադաղի գյուղապետը), մատնահետքեր վերցրին, լուսանկարեցին։ Չափեցին ճնշումը, վերցրին մեր անձնագրերն ու խոստացան վերադառնալիս վերադարձնել։ Թղթեր ստորագրելուց հետո Վաքըֆլը տեղափոխեցին։


-Դուք ինչո՞ւ բոլորի նման Լաթաքիա չգնացիք
։

 

-Մեկնողները մեքենաներով մեկնեցին։ Մնացած փոքրաթիվ մարդիկ նավերով գնացին Գարադուրանից։ Մենք նրանց չհասանք։ Քույրս չի քայլում, մենք մեր ապրանքները պատրաստելով հասանք այն վայրը, որտեղ պետք է հավաքվեինք, սակայն մինչև մեր հասնելը ոչ ոք չէր մնացել։

 

-Ձեր բարեկամ Ստալինը ինչո՞ւ մնաց։

-Որովհետև ծեր էր։ Ասաց. «Եթե մեռնելու եմ, այստեղ կմեռնեմ»։ 

-Չգիտեի՞ք, որ գյուղի վրա այդքան մարդ է հարձակվելու։

-Ո՛չ, սակայն ասացին, որ Էրդողանը (Թուրքիայի վարչապետ-Tert.am) բացել է ճանապարհները։ «Վատ մարդիկ են այստեղ գալու»՝ ասացին։ Այդ մորուքավոր մարդիկ Թուրքիայից եկան։


-Մահացող, սպանվող եղա՞վ։

-Չեղավ, որովհետև բոլորը գնացել էին։ Սպանելու մարդ չէր մնացել։ Մենք էինք մնացել, բայց մեզ վատ չվերաբերվեցին։ Օգնեցին։ Օրինակ՝ մեր տանն ալյուր կար, սակայն թթխմոր չունեինք, վերջին մի քանի օրերին հաց չէինք կարողանում թխել։ Մորուքավոր մարդիկ եկան, հարցրին ուտելիք ունե՞նք։ «Ուտելիք ունենք, հաց չունենք»,-ասացինք։ Մեզ հաց ուղարկեցին։ Հացը բերողը թուրքերեն էր խոսում։

-Գյուղին վնաս տվե՞լ են։
 

-Հորեղբորս տղան խնձորի այգին դեղելու համար տրակտորի դեպոյում դեղ էր պատրաստել։ Գնացի, նայեցի նրա տունը։ Տրակտորը տարել են, դեպոն էլ՝ քանդել։ Ամեն տեղ ցեխ էր եղել։ Մեծ տակառներով խնձորի քացախ էինք պատրաստել, թափել են, մեկ տակառ մազութ ունեինք, դա տարել էին։ Հավերին կերակրեցի։ Բոլոր տները մտել էին, տան դռներն ու պատուհանները կոտրել, գյուղում տուն չէր մնացել, որ մտած չլինեն։
Տրակտորներն են վերցրել և հիմա օգտագործում են։

-Քեսաբ վերադառնալու մասին մտածո՞ւմ եք։


-Գարադուրան մեկնել չենք կարող։ Այնտեղ պատերազմում են։ Եթե մեզ Լաթաքիա՝ Քեսաբից մյուս հեռացողների մոտ ուղարկեք, կգնանք։ Եթե ստացվի՝ Բեյրութ էլ կցանկանանք գնալ։ Այնտեղ մեծ քույր, եղբայր ունենք։

-Թուրքիա գալու հարցում ի՞նչ եք մտածում։
 

-Ինչ-որ տեղ պետք է գնայինք, քանի որ այնտեղ արդեն մարդ չէր մնացել։

-Այստեղ վախենո՞ւմ եք։

-Չենք վախենում։ Գյուղում հարևաններն են գալիս-գնում։ Հյուրերի պակաս չունենք, մեզ լավ են նայում։

Նույն շարքից