Քաղաքականություն 

Նախագահն այցելել է Կենտրոնական բանկ

analitik.am

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 4-ին այցելել է Կենտրոնական բանկ: Հանրապետության նախագահը շրջել է գլխավոր դրամատան մի քանի ստորաբաժանումներում, մասնավորապես՝ վերստուգիչ խմբում, կանխիկ դրամով գործառնությունների ու ֆինանսական վարչություններում: Կենտրոնական բանկի գլխավոր վերստուգիչը նախագահին ներկայացրել է կառույցի ներքին աուդիտի իրականացման մոտեցումները, այդ թվում՝ աշխատանքների ավտոմատացման համար օգտագործվող տեխնոլոգիական լուծումները։


Կանխիկ գործառնությունների վարչությունում Սերժ Սարգսյանը ծանոթացել է կանխիկ դրամի ավտոմատ վերահաշվարկի գործընթացին, որն իրականացվում է թղթադրամները մշակող ժամանակակից եւ արագագործ սարքավորումներով: Կենտրոնական բանկում օգտագործվող սարքավորումների շնորհիվ, թղթադրամների մշակման ամբողջ գործընթացում մարդկային գործոնը հասցվել է նվազագույնի, եւ ավտոմատացման հետեւանքով էապես կրճատվել են գործառնական ռիսկերը: Օգտագործվող համակարգերը ավտոմատ հաշվում ու առանձնացնում են կեղծ եւ անվճարունակ թղթադրամները, իսկ պիտանի թղթադրամները՝ փաթեթավորում: Սարքը հնամաշ թղթադրամները տեղում մանրատելով ոչնչացնում է:


Ֆինանսական վարչությունում նախագահին ներկայացվել են միջազգային ֆինանսական շուկաներում ներկա իրավիճակը, ՀՀ միջազգային պահուստների կառավարման հիմնական ուղղությունները, ինչպես նաեւ քննարկվել է ֆինանսական շուկաներում ՀՀ կողմից տեղաբաշխված եվրոպարտատոմսի դինամիկան եւ ներդրողների վարքագիծը:


Շրջայցից հետո նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Կենտրոնական բանկի ղեկավար անձնակազմի հետ: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն ու մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ ներկայացրել են Կենտրոնական բանկի գործունեության հիմնական ուղղությունները, վերջին տարիների ձեռքբերումները, բանկի նախաձեռնած բարեփոխումները, ինչպես նաեւ բանկային համակարգի առջեւ ծառացած խնդիրները ու դրանց լուծման ուղիները:


Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ամփոփել է բանկային ոլորտում վերջին տարիներին իրականացրած աշխատանքները եւ ձեռքբերումները, նախանշել ԿԲ ռազմավարական զարգացման հիմնական ուղղությունները, առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման միջոցները:


Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ներկայացրել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի մեկամյա գործունեության արդյունքները, Կենտրոնական բանկում իրականացվող հետազոտական աշխատանքները, գիտական ներուժի զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանը անդրադարձել է գնաճի կառավարման հիմնախնդիրներին եւ վերջին տարիների ընթացքում դրամավարկային քաղաքականության գործողություններին: Նա ներկայացրել է նաեւ ԿԲ ինստիտուցիոնալ կարողությունները, նշել դրամավարկային քաղաքականության արդյունավետ իրականացման մարտահրավերները:


Ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի ֆինանսական համակարգի զարգացումները վերջին 5 տարիների ընթացքում, առկա իրավիճակը եւ զարգացման հեռանկարները: Անդրադառնալով ֆինանսական համակարգի զարգացումներին, նա նշել է, որ այդ ընթացքում եռակի աճել են ֆինանսական համակարգի վարկերը, ավանդները, ակտիվները եւ այլ հիմնական հաշվեկշռային ցուցանիշները՝ փաստելով ֆինանսական ծառայությունների հասանելիության բարձրացման մասին: Ֆինանսական կայունության առումով վճարունակության գնահատման խիստ սթրեսային թեսթերի արդյունքների համաձայն՝ ՀՀ ֆինանսական համակարգը դիմակայուն է տարբեր շոկերին: Ապագա զարգացումներից Անդրանիկ Գրիգորյանն առանձնացրել է Բազել III ստանդարտի ներդրումը, որը կնպաստի ֆինանսական կայունության ամրապնդմանը:


Վիճակագրության վարչության պետ Մարտին Գալստյանը ներկայացրել է Կենտրոնական բանկի վիճակագրական աշխատանքները: Մասնավորապես նշվել է, որ 2003թ. Հայաստանի վիճակագրական համակարգն ինտեգրվել է ԱՄՀ տվյալների տարածման եւ որակի ապահովման ամենաառաջադեմ եւ խստապահանջ ՏՏՀՉ (SDDS) համակարգին, իսկ 2008 թ-ին ԱՄՀ-ի վիճակագրական առաքելության կողմից Կենտրոնական բանկի վիճակագրությունն արժանացել է ամենաբարձր գնահատականի: Առաջիկայում ԿԲ վիճակագրական աշխատանքները զարգանալու են երկու հիմնական ուղղություններով՝ հարցումների ընդգրկունության խորացում եւ միկրո տվյալների տեղեկատվական բանկի ստեղծում:


Կենտրոնական բանկի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Նահապետյանն անդրադարձել է Կենտրոնական բանկի ինստիտուցիոնալ զարգացման ուղղություններին, մասնավորապես՝ ԿԲ կառավարման որակի եւ արդյունավետության բարձրացմանը, անձնակազմի կառավարման եւ միջազգային համագործակցությանն առնչվող հարցերին:

Նույն շարքից