Հողային ֆոնդերի հետ կապված շատ անմխիթար ու վատ ժառանգություն ենք ստացել: Այսօր՝ հունիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ հավելելով, որ մասնավորապես Կոտայքի մարզի մասով կարող է ասել, որ համայնքներից մեկի ղեկավարը իր հողամասերի քանակով Հայաստանում երրորդ հողատերն է:
Պետրոսյանը նշեց, որ անուն չի ցանկանում հնչեցնել, քանի որ այս պահին քրեական գործ կա հարուցված. «Հայաստանում 900 գյուղ կա և մեկ գյուղի գյուղապետը 3-րդ հողատերն է Հայաստանի Հանրապետության մասշտաբով: Թղթերով ամեն ինչ կարգին է, բայց բարոյապես կարգին չէ»:
Մարզպետը նշեց, որ կադաստրային արժեքների կես գնով դասական աճուրդ են հայտարարել, պատշաճ կերպով չի իրազեկվել այդ մասին հանրությանը, արդյունքում ինֆորմացիան հասու է դարձել նեղ շրջանակներին. «Իրավաբանական տեսակետից սա անխոցելի է»:
Հարցին, թե այդ համայնքապետը կապ ունի արդյո՞ք ԲՀԿ-ի հետ, Պետրոսյանը նշել է, որ Կոտայքում նախկին շրջանում որևէ համայնքի ղեկավար չէր կարող ընտրվել եթե կապ չունենար ԲՀԿ-ի կամ համապատասխան ուժի կենտրոնի հետ: