Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր եղել է Ներքին Կարմիրաղբյուր համայնքում: Նախագահը նախ ծաղիկներ է դրել 1941-1945թթ. Հայրենական պատերազմում զոհված ու անհայտ կորած մարտիկների հիշատակին նվիրված հուշարձանին, ապա Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում ներկա է գտնվել նորակառույց համայնքային կենտրոնի բացման արարողությանը: Կենտրոնը կառուցվել է նախկին երկհարկանի վարչական շենքի տեղում (1992թ.-ին հրետակոծվել և ամբողջությամբ այրվել էր): Շենքի կառուցման աշխատանքները սկսվել են 20.11.2012թ.-ին և ավարտվել` 2013թ. տարեվերջին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 124.8 մլն դրամ:
Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Տավուշ համայնքում Սերժ Սարգսյանը կարճատև կանգառ է ունեցել և հանդիպել խաղողագործների հետ: Հանդիպմանը մասնակցող համապատասխան պետական պաշտոնյաների և համայնքի ղեկավարի ներկայությամբ Նախագահը քննարկել է ոռոգման համակարգի խնդիրներն ու տարածաշրջանում իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի ընթացքը:
Սահմանամերձ մեկ այլ գյուղական բնակավայրում՝ Նավուրում Նախագահը ծանոթացել է Բերդ-Իծաքար-Գանձաքար-Իջան ավտոճանապարհի կառուցման տարբերակներին:
Հիշեցնենք, որ Աշխատանքային այցով Տավուշի մարզ մեկնած Հանրապետության Նախագահը մարզի մի շարք սահմանամերձ բնակավայրերում և մարզկենտրոն Իջևանում ծանոթացել է պաշտպանության, գյուղատնտեսության, առողջապահության, մշակույթի, կրթության, ճանապարհաշինության և մի շարք այլ ոլորտներում Տավուշում իրականացվող ծրագրերի ընթացքին, առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին, հանձնարարականներ տվել այդ ոլորտներում պետական քաղաքականություն իրականացնող պատասխանատուներին: