Արցախի Հանրապետության վարչապետ Ա. Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Ապրիլի 7-ի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Սիրելի՛ կանայք, մայրեր ու քույրեր.
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Մայրության և գեղեցկության այս սքանչելի տոնի առթիվ: Այն մեր ազգային արժեհամակարգի հենասյուներից մեկի՝ մոր կերպարի, ինչպես նաև գեղեցկության վերաարժևորման և մեծարման մի նոր առիթ է: Ընդունե՛ք մեր ջերմագույն սերն ու երախտագիտությունը և հավատացած եղե՛ք, որ Ձեր փոխադարձ սերը մշտապես ուղեկցում է բոլորիս:
Մարիամ Աստվածածնի ավետման այս տոնին ցանկանում եմ, որ քրիստոնեական սերն անպակաս լինի Ձեր ընտանիքներից։ Սերունդների հայեցի և արժեքահեն դաստիարակությունը բոլորիս սուրբ պարտականությունն է, որն իրագործվում է գլխավորապես Ձեր՝ մայրերիդ կողմից: Անժխտելի փաստ է, որ դարեր շարունակ հայ մայրն է եղել ազգապահպանության սյուներից մեկը՝ փոխանցելով սերունդներին մեր ազգի ուրույն դիմագիծը:
Մաղթում եմ, որ միշտ պահպանեք հայուհու այն առաքինի կերպարը, որով բոլորս հպարտանում ենք: Թո՛ղ առողջությունը, սերն ու ընտանեկան ջերմությունն անպակաս լինեն ձեզնից, սիրելի՛ կանայք: