ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը քաղաքական ուժերին եւ ՀԿ-ներին կոչ է անում երկրի փրկության միասնական ճակատ ստեղծել: Համապատասխան հայտարարություն նա հնչեցրել է ապրիլի 8-ի մամուլի ասուլիսում:
Ըստ Հայրիկյանի, այսօր հայ ժողովրդի առաջ ծառացած հիմնական խնդիրը «ռուսական իմպերիալիզմի աճող ազդեցությունն է, որի դրսեւորումներից մեկն է Մաքսային միությունը»:
«Եվ եթե երկրի քաղաքական ուժերը, - հավելել է Հայրիկյանը, - այլ խնդիրներ են տեսնում, նշանակում է, որ կամ այդ ուժերը քաղաքական չեն, կամ էլ դասական ըմբռնմամբ՝ ընտրել են Ռուսաստանին տեղի տալու դավաճանական ուղին»:
Ըստ նախագահի նախկին թեկնածուի՝ 1920թ. Հայաստանի բոլշեւիկացման հետեւանքով երկիրը կորցրեց 70 տարի եւ ազգային ներուժի 75%-ը: Եվ, ըստ Հայրիկյանի կանխատեսումների, հետագա լռությունը կդառնա մնացած 25%-ը կորցնելու պատճառ: «Արդյունքում մենք կունենանք ձեւականորեն Հայաստան անվանվող երկիր, իսկ այնուհետեւ այն կվերանվանեն ՌԴ-ի Հարավկովկասյան Հանրապետություն, այնպես, ինչպես այսօր անվանվում է Հարավկովկասյան երկաթուղին», - նշել է Հայրիկյանը:
Հիշեցնենք, որ 2013թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանը հայտարարել էր ՄՄ մտնելու մտադրության մասին: Ներկայումս ընթանում են երկրի անդամակցությանն անհրաժեշտ թղթաբանության նախապատրաստման աշխատանքները: