Արժեքները լինում են անանց և ժամանակավոր. անանց են միայն հայրենիքը և ժողովուրդը: Ապրիլի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը՝ անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին:
«Իշխանավորները ժամանակավոր են, և եթե գտնում են, որ իրենց գործողություններն արդյունավետ չեն, նրանք կարող են հրաժարական տալ: Ես դրա մեջ ողբերգություն չեմ տեսնում: Ես գիտակցում եմ իմ տեղն ու դերը, հարգում եմ օրենքներն ու Սահմանադրությունը, նոր վարչապետի նշանակումը երկրի ղեկավարի բացառիկ իրավունքն է, նա պիտի ներկայացնի թեկնածու՝ քաղաքական մեծամասնության կարծիքը քննարկելով:
Մենք կունենանք վարչապետ, թվով 13-րդը: Քսանօրյա ժամկետում նաև կձևավորվի կառավարությունը»,- ասաց նա: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի վերջո, որոնք էին Տիգրան Սարգսյանի հրաժարականի պատճառները: Մինասյանը կարծիք հայտնեց, որ դեռ ժամանակ կա, և նախկին վարչապետը հնարավորություն կունենա իր մոտեցումներն ու այն խնդիրները, որ դրդել են հրաժարական տալու, ներկայացնել, բացատրել: Նրա խոսքով՝ խնդիրներ են կուտակվել, որոնք ինքը՝ կառավարության ղեկավարը, բոլորից լավ գիտի և լուծման ճանապարհները տեսնում էր՝ որքան արդյունավետ կարող են լինեն, ուստի Մինասյանը կարծում է՝ Սարգսյանը նոր մոտեցմամբ կառավարության անհրաժեշտություն է տեսել:
Նախկին վարչապետի ձեռքբերումներից պատգամավորն ընդգծեց փոքր և միջին բիզնեսի զարգացումը, արտագաղթի դեմ միջոցառումների ավելի արդյունավետ կազմակերպումը և այլն: Ըստ Մինասյանի՝ եթե քաղաքական այրերն իրենց պրոֆեսիոնալիզմով ավելի արդյունավետ և համապարփակ լուծումներ գտնելուն կարող են նպաստել, ապա կարող է ձևավորվել նաև ազգային համաձայնության կառավարություն: «Եթե իրավիճակ է, որ քառյակը կամ արտախորհրդարանական և միաժամանակ նաև խորհրդարանական ոչկոալիցիոն ուժերը հայտնվեցին նոր իրավիճակում, դա ևս քաղաքական իրավիճակ է, իրենք իրենց համար կորոշեն անելիքները: Հնարավոր է՝ առանձին հարցերում միասնական լինեն»,- ասաց նա:
Նոր վարչապետի՝ ոչիշխանական ուժերից ընտրվելու հավանականությունը բանախոսը չհաստատեց և չբացառեց, նշեց՝ բոլորն էլ կոչված են երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու, ուղղակի մոտեցումներն ու սկզբունքներն են տարբեր: Սակայն եթե կլինի մեկը, ում կառավարումը ժողովրդի ու պետության համար ընդունելի կլինի, ապա կարծում է՝ խանդի տեսարաններ չեն լինի:
«Հայ քաղաքական մտքի արգանդը բեղուն է, և կարծում եմ՝ շատ մենեջերներ կան, ովքեր կարող են վարչապետ դառնալ»,- ասաց նա: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ դառնալու հավանականությանն անդրադառնալով՝ Մինասյանը նշեց, որ իրեն իրավունք չի վերապահում որևէ մեկին գնահատելու կամ առավել ևս ասելու՝ այո, նա կարող է լինել: «Հովիկ Աբրահամյանը մեր կուսակցության մեջ և երկրի ղեկավարման համակարգում առանցքային դերակատարներից մեկն է, նա ևս կարող է լինել թեկնածուներից մեկը»,- ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ մեծ ողբերգություն չի լինի, եթե ֆինանսների նախարարը կամ մեկ այլ նախարար փոխվի: ԱԺ նոր նախագահի պաշտոնում Կարեն Կարապետյանին տեսնելու հավանականությանն անդրադառնալով՝ Մինասյանը նշեց, որ դեռևս խոսում են ենթադրությունների մակարդակով, սակայն նրան շատ լավ է ճանաչում, շատ լավ է վերաբերվում. եզակի պարկեշտ, շիտակ անձնավորություն է, սակայն երկրի նախագահը կորոշի՝ ով է լինելու վարչապետը, ԱԺ-ն՝ ով է իր ղեկավարը:
Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի կարողությանն անդրադառնալով՝ Մինասյանը նշեց, որ տեղյակ չէ նրա ունեցվածքի չափից, սակայն կարծում է՝ պետական այրը պիտի առաջին հերթին պետության ու ժողովրդի համար աշխատի, ինքը պիտի հասկանա, որ պետական այր է ու պատմության համար է աշխատում. ունես մեկ միլիոն կամ տասը միլիոն՝ միևնույն է, դա ուտել ու ծախսել հնարավոր չէ:
Հայաստանի պետական պարտքին անդրադառնալով՝ ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ դա ողբերգություն չէ: «4.5 միլիարդը տնտեսական իմաստով ծանր վիճակ չէ, չպետք է մոռանանք, որ դա առաջին հերթին առաջացել է տնտեսական ու ֆինանսական ճգնաժամի պատճառով, դրա հետևանքով էլ երկու անգամ ավելացել է: Հուսամ՝ նոր Կառավարությունը ոչ թե կմեծացնի, այլ մասամբ կմարի այն»,- ասաց նա: