Ապրիլի 7-8-ը Վիլնյուսում Եվրամիության անդամ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովի ընթացքում երեկ ընդունվել է Հայաստանին վերաբերող եզրակացություն, որը հայաստանյան պատվիրակության ջանքերով փոփոխվել է և չի պարունակում Հայաստանին վերաբերող քաղաքական վտանգավոր գնահատականներ:
Հարցին, թե ճիշտ է, որ նախնական տարբերակում եղել են մեր երկրին առնչվող վտանգավոր քաղաքական գնահատականներ, ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը հայտնեց. «ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության աշխատանքի արդյունքում նախնական տարբերակում առկա քաղաքական գնահատականները եզրակացության տեքստից հանվեցին և ընդունվեց այս տարբերակը»:
Նշենք, որ երեկ ընդունված նախագահության եզրակացության 34-րդ կետում ասվում է. «Նախագահները ողջունում են Հայաստանի հետ Վիզաների դյուրացման և հետընդունման մասին համաձայնագրի հաջող ավարտը, որն ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 1-ին»: Մինչդեռ նախնական տարբերակն ունեցել է հետևյալ բովանդակությունը. «Չնայած բանակցային գործընթացի ավարտված լինելու հանգամանքին, Հայաստանը որոշեց հրաժարվել Ասոցացման համաձայնագրից և ԽՀԱԱԳ-ից՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ միասին Մաքսային միությանն անդամակցելու նպատակով: Նախագահներն, այնուամենայնիվ, ողջունում են Վիզաների դյուրացման և հետընդունման մասին համաձայնագրի հաջող ավարտը, որն ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 1-ին»:
Եղել է նաև կետ, որը, հանվել է. «Նախագահները մտահոգությամբ նշում են, որ Հայաստանը ճանաչել է Ղրիմում տեղի ունեցած անօրինական հանրաքվեի արդյունքները»:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության կազմում էին պատգամավորներ Արտակ Զաքարյանը և Սամվել Ֆարմանյանը: